Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ և դրական գնահատել Հայաստանի նախագահական ընտրությունները՝ իհարկե մատնանշելով, որ կան խնդիրներ որոնք պետք է լուծվեն: Հավանաբար, Միացյալ Նահանգները Սերժ Սարգսյանի համար դեռևս շատ է համարել Օբամայի շնորհավորանքը: Համենայն դեպս, ԱՄՆ նախագահն առայժմ լուռ է:

Այսպիսով, Սերժ Սարգսյանն իր երկրորդ ժամկետից առաջ ստանում է աշխարհի գրեթե բոլոր ազդեցիկ երկրների շնորհավորանքները, ընդ որում՝ բավական բարձր մակարդակով: Սա, իհարկե, իշխանությունների համար ցնծության առիթ է: Սակայն այստեղ արժե հիշատակել երկու հանգամանք:

Նախ առաջինը՝ պարզապես գավառամտության վերին աստիճանի դրսևորում է, երբ ինքնիշխան հանրապետության իշխանությունը իր լեգիտիմության փաստարկ է դարձնում արտասահմանից ստացվող շնորհավորանքները: Իհարկե, ցանկացած իշխանություն կուզեր շնորհավորանքներ ստանալ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Եվրամիությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից։ Բայց երբ երկրում ակնհայտորեն քաղաքական ճգնաժամ է ընտրություններից հետո, այդ շնորհավորանքները դառնում են ընդամենը լուր, քանի որ հանրային ու պետական շահով ապրող իշխանությունը լեգիտիմության հարցը փորձում է նախ լուծել երկրի ներսում, որովհետև լեգիտիմության այդ տարբերակն է, որ կարող է որևէ իշխանության վստահություն և ամրություն հաղորդել միջազգային գործերում: Սա պարզապես դասագրքային ճշմարտություն է:

Եվ երկրորդը՝ Հայաստանի իշխանությունների համար երևի թե վաղ է հրճվանքով ներկայացնել շնորհավորանքները, քանի որ տվյալ պարագայում այս շնորհավորանքները, ամենայն հավանականությամբ, նշանակելու են բավական լուրջ պարտավորություններ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների մասով: Իհարկե, հասկանալի է, որ շնորհավորող երկրներն ու առաջնորդները շարժվում են իրենց պետական շահերին համապատասխան, բայց տվյալ պարագայում բանն այն է, որ արևմտյան ազդեցիկ երկրների պետական շահերից են բխում հայաստանյան բարեփոխումները, որովհետև նրանց պետք է տարածաշրջանում ուժեղ ու զարգացող Հայաստան:

Ի դեպ, սա բարեբախտություն է՝ նկատի ունենալով այն, որ, փաստորեն, ազդեցիկ երկրներից շատերի շահերը համընկնում են մեր պետական և հասարակական շահերի հետ, ինչը և կարելի է օգտագործել: Սակայն, փոխարենը, այդ շահերը չեն համընկնում իշխանական համակարգի շահերի հետ։ Եվ այս առումով շնորհավորանքները խիստ խաբուսիկ են, քանի որ նրանց հետևելու են արդեն կոշտ պահանջները տարբեր քայլերի վերաբերյալ, և եթե որոշներից հնարավոր կլինի խուսափել, ապա, անկասկած, լինելու են քայլեր, ցավալի քայլեր, որոնցից իշխանական համակարգին խուսափել չի հաջողվելու: