«Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որը հունվարի 10-ին «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ: Դա երրորդ հանդիպումն էր վեր ջին ամսվա ընթացքում:
««Գազպրոմ»-ի կողմից արվել է հետաքրքիր առաջարկություն: Նաեւ ցանկանում եմ ասել, որ դա վերջին առաջարկությունն է: Հիմնական խոսակցությունը ծավալվել է ֆինանսական վճարման անցնելու շուրջ»,-ասել է Կալաձեն «Իմեդի հեռուստաընկերության եթերում:
Նա նշել է, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ի հետ կայացած մի քանի հանդիպումներն անարդյունք էին, քանի որ կողմերի դիրքորոշումները միանգամայն տարբեր էին: Կալաձեն հետաքրքրական է որակել ռուսական ընկերության վերջին առաջարկությունը: «Կարծում եմ դա հետաքրքիր է: Այն կքննարկենք կառավարությունում եւ համապատասխան որոշում կընդունենք»,-ասել է Կալաձեն:
«Գազպրոմ-էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում է Հայաստան բնական գազի տարանցմանը, լրացել է հունվարի 1-ին:
Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: Փաստաթուղթը ձեւակերպվել է 2016 թվականի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Բանակցությունները ձգձգվել էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում է տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով:
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: Հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել է ավելացնել մատակարարումների ծավալը: