Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների առաջարկների քննարկման ընթացքում պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ անհետացել է ամբիոնի միկրոֆոնը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը գտնելու նպատակով մեջլիսում անվտանգության աշխատակիցների և տեխնիկական մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով:
Մեջլիսի պաշտոնյաներից մեկը նշել է, որ ամենայն հավանականությամբ տեսագրությունների միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ով է տարել միկրոֆոնը, որը կռվի ժամանակ պոկվել է և նպատակ է ունեցել ծառայել որպես «մահակ»: Նա խնդրել է տվյալ անձին իրենց վերադարձնել միկրոֆոնը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հունվարի 11-ին նախագահի լիազորություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ուղեկցվել էին ծեծկռտուքով: Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամները գրավել էին ամբիոնը, ինչին խառնվել էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները: Արդյունքում ընդդիմադիÖ € և իշխանական պատգամավորները սկսել էին բռունցքներով հարվածել միմյանց: Նրանցից մի քանիսը վիրավորվել էին: Իշխող կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինն անգամ կոտրել էր քիթը: Վնասվել էր հիմնական ամբիոնը, որը հիմքից պոկվել էր: