Երբ անցած տարի Ազգային ժողովում բուռն քննարկումեր էին ընթանում նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, ու պատգամավորները կոկորդ էին պատռում' յուրաքանչյուրը փորձելով հիմնավորել հարցի շուրջ սեփական տեսակետը, արդեն իսկ ակնհայտ էր, որ նոր փաստաթուղթն ամենևին էլ այն նախագիծը չէր հանդիսանալու, որ պետք է դառնար այն հաստատուն հիմքը, որի շնորհիվ մեր երկրում ընտրական գործընթացները պետք է արհեստականորեն բարդացվելու փոխարեն պարզեցվեին. ակնհայտ էր, որ մի շարք նորամուծություններ, որոնցից կարևորագույնը, թերևս, ռեյտինգային քվեարկության նոր կարգի սահմանումը պետք է համարել, ամենևին էլ չէին մտահղացվել Հաաստանում, ասենք, դեմոկրատական արժեհամակարգի ամրապնդման նպատակով, այլ ընդամենը ծառայեցվելու էին քաղաքական դաշտի բզկտման,այն առանձին' միմյանցից սեպարատ խմբավորումների բաժանման, դաշտում կառավարելի քաոս առաջացնելու նպատակով: Ներկայի Ընտրական օրենսգիրքն, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ է ստեղծում իշխանությունների համար' ընտրություններն իրական ֆարսի, թատերական տրագիկոմեդիայի վերածելու համար:
Այս իմաստով, պետք է ընդգծել, որ որպես անփոխարինելի գործիք՝ հանդես է գալու հենց ռեյտինգային ընտրակարգը, որն, ըստ էության, վերացված մեծամասնական ընտրակարգի «ռեբրենդինգված» տարբերակն է իրենից ներկայացնում: Ու հիմա ստացվելու է, որ բավական չէր' կուսակցություններն էին միմյանց «միս ուտում», հիմա էլ, գումարած սրան՝ անհատներն են իրար «կոկորդ կրծելու»' կռիվ տալով այն հարցի շուրջ, թե ով ինչ կարգով է առաջադրվելու առաջիկա ընտրություններին, որ տարբերակն է առավել երաշխավորված արդյունք ապահովելու և այլն: Ասել կուզի' ռեյտինգային համակարգը պառակտելու է կուսակցությունները հենց ներսից' միմյանց դեմ դուրս բերելով նույնիսկ ընդհանուր շահերով փոխկապակցվածներին. սա մի իրավիճակ է, երբ բոլորն աշխատելու են բոլորի դեմ' անկախ ամեն ինչից, և պայքարը տեղափոխվելու է անհատական հարթություն:
Հարց է առաջանում' ո՞ւմ է իրականում այս իրավիճակը ձեռնտու լինելու առաջիկայում: Ակնհայտ է' նրանց, ովքեր առաջնորդվում են «բաժանի՛ր, որ տիրես» հայտնի սկզբունքով' նախընտրելով հանդես գալ քաղաքական արբիտրի դերում: Հայաստանում, ցավոք, ստեղծվել է մի իրավիճակ, փոխադարձ անվստահության մի մթնոլորտ, երբ իշխանական ամենաբարձր էշելոններում հանգրվանածները վստահություն չեն տածում նույնիսկ սեփական թիմակիցների նկատմամբ. իրականում պալատական խժդժություններն ու ներքին ապստամբությունները միշտ էլ իշխանության մի մասն են հանդիսացել, ինչն, ըստ էության, ոմանց ստիպել է իրավիճակը կառավարելի դարձնելու համար առավել կրեատիվ մեթոդներ մշակել ու դրանք կյանքի կոչել:
Իսկ թե այս ամենն ինչպիսի ազդեցություն կարող է թողնել երկրի քաղաքական համակարգի կենսունակության, դրա իմունիտետի վրա, կարծում ենք՝ առավել քան ակնհայտ է. այն, ըստ էության, քայքայիչ ու պառակտիչ ներգործություն է ունենալու ողջ քաղաքական դաշտի համար' վերածելով այն միմյանց կոկորդ կրծող կուսակցությունների ու անհատների մարտադաշտի. համընդհանուր կոնսոլիդացիայի մասին՝ այս պարագայում պետք է մոռանալ, ինչը, հասկանալի է, ոչ մի կերպ չի կարող բխել մեր երկրի պետական շահերից. պառակտվում ենք:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ