Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշել է հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:


Ինչպես տեղեկացնում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները: Ըստ նրա՝ առաջիկա օրերին հստակ կլինի, թե երբ է հանրաքվեն: Ամենայն հավանականությամբ՝ այն կլինի փետրվարի 20-ին: 

 

«Մեր կուսակցության տեսակետը հենց սկզբից բացասական է եղել սահմանադրական փոփոխությունների նկատմամբ՝ ընդհանրապես: Մեր բացասական վերաբերմունքը մի քանի պատճառ ունի: Նախ՝ սովորաբար՝ թերզարգացած ժողովրդավարություններում սահմանադրությունը փոխում են իշխանության վերարտադրության համար: Այսօր արդեն կարող ենք ասել, որ սահմանադրությունը փոխվում է մեկ անձի իշխանության վերարտադրության համար:

Ամեն տասը տարին մեկ սահամանադրություն փոխելով՝ մենք սպանում ենք ինստիտուցիոնալ զարգացման հույսը, քանզի ինստիտուտները, կառույցները կարող են կայանալ միայն խաղի հստակ և հաճախակի չփոխվող կանոնների պայմաններում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: 


Ըստ նրա՝ 2016-ի հունիսին Արցախում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ ժողովրդի ընդամենը 2 տոկոսն է կարծում, որ Ազգային ժողովն ի վիճակի է որևէ հարց լուծել: «Ազգային ժողովի վերաբերյալ դիտարկումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծ մասն այն դիտարկում է բարձր աշխատավարձ ստացող և ոչինչ չանող պաշտոնյաների ամբողջություն: Դեմ քվեարկելով այս նախագծին՝ մենք հնարավորություն կտանք, որպեսզի իշխանությունների տարանջատման սկզբունքը գործի ոչ միայն թղթի վրա, այլ նաև իրականության մեջ: Դեմ քվեարկելով այս նախագծին՝ մենք ցույց կտանք, որ որևէ մեկը՝ լինի դա Երևանում, թե Ստեփանակերտում, չի կարող իր անձնական շահերից բխող և ժողովրդի շահերն արհամարհող որոշում ընդունել»,- նշեց մեր զրուցակիցը: 

 

Վերջինս վստահ է՝ Ազգային ժողովը, որպես իշխանության թև, ընդհանրապես կորցնելու է իր հեղինակությունը և վերածվելու է Երևանի կամ Ստեփանակերտի նախագահականների որոշումները դակող մարմնի՝ ընդունելով այս նախագիծը. «Մենք վաղը կանգնելու ենք Արցախի հարցում մտահոգիչ զարգացումների առջև: Ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ այն մեծապես կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է տարածքային զիջումների հաշվին կարգավորման գնալու իր ցանկության մասին: Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների կողմից նա այս հարցում աջակցություն է ստացել: Փոխելով Արցախի սահմանադրությունը և խաղից հանելով Ազգային ժողովը, ասել է թե՝ հիմնական քաղաքական ուժերին, ավելին՝ խաղից հանելով ժողովրդին՝ Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա կարգավորման իր ցանկությունն իրականացնել իրեն լոյալ նեղ խմբի հետ»: 

 

Քրիստինա Աղալարյան