2008 թվական, փետրվարի 26... հինգ տարի առաջ այս օրը ՀՀ առաջին նախագահ, 2008-ին պաշտոնական տվյալներով պարտություն կրած նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում:
Նույն օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք էր հրավիրել նաև պաշտոնական տվյալներով հաղթած թեքնածու Սերժ Սարգսյանը: Իշխանության հանրահավաքին «եկած» քաղաքացիները լքում էին Հանրապետության հրապարակը և «Միացո՛ւմ, միացո՛ւմ», «Լևո՛ն նախագահ» վանկարկումներով միանում էին Ազատության հրապարակում հավաքվածներին: Այդ օրը Ազատության հրապարակի ամենաբազմամարդ հանրահավաքն էր:
Երգ, պար, ելույթներ, կոչեր, հույզեր ու հույսեր...Շուրջօրյա հանրահավաքներ, նստացույցեր... ամեն ինչ մեկտեղվել էր Ազատության հրապարակում: Մարդիկ եկել էին Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր գյուղերից ու համայնքներից:
Հինգ տարի անց կրկին բազմամարդ է Ազատության հրապարակը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, պաշտոնական տվյալներով նախագահի պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ԿԸՀ հրապարակած տվյալները, ընտրությունները որակում է կեղծված և կազմակերպում բողոքի ցույցեր:
Համեմատականներ անցկացնելով 2008 և 2013 թվականների հետընտրական զարգացումների մեջ՝ որոշ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում են նրանում, որ ընտրություններից այսքան օր անց դեռևս չկա հստակ ծրագիր, թե ինչ պետք է անել և ինչպես:
Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ, ով նշեց, որ այսօր թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը դե յուրե ոչնչի չեն հասել, քանի որ ԿԸՀ-ն երկու դեպքում էլ նախագահ է ճանաչել Սերժ Սագսյանին:
«2008՝ պարտվող ճանաչվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, 2013՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դե յուրե հավասար իրավիճակներ: Այլ հարց է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս 5 տարիների ընթացքում ստեղծեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որը, չնայած նրան, որ այսօր կանգնած է լուծարվելու առջև, այնուամենայնիվ, գործունեություն ծավալեց, իր ժամանակաշրջանի խնդիրը կատարեց ու ավարտեց: Այս տեսակետից, թե ինչ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը, կտեսնենք առաջիկայում»,-ասաց Բադալյանը:
Վերջինիս խոսքերով՝ և՛ 2008-ին, և՛ 2013-ին բարձրացավ հասարակական ալիք, հասարակությունը ցույց տվեց, որ ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ այսօր, իր «ոչ»-ն է ասել Սերժ Սարգսյանին:
«Տարբերություններից մեկն այս տարիների մեջ այն է, որ այն ժամանակ որոշակի հստակություն կար, հիմա հստակություն չկա: Թվում է, որ այսօրվա շարժումը վերահսկվող շարժում է: Թվում է՝ սա շարժում է ինչ-որ խնդիրներ լուծելու համար»,- ասաց Բադալյանը, բայց դժվարանալով հստակեցնել, թե ում կողմից վերահսկվող՝ ասաց. «Չեմ կարող ասել, թե ում կողմից, բայց երևում է, որ վերահսկվող շարժում է: Սա գուցե այսօրվա կտրվածքով է այսպես երևում, գուցե 2 շաբաթից պարզվի, որ այդպես չէ, բայց այսօր տպավորությունն այդպիսին է: Իսկ իրականում դա ադպես է, թե՝ ոչ, կերևա 2 շաբաթ անց»:
Գայանե Համբարձումյան