Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ, շահագրգռված է պաշտպանության նորագույն համակարգերի ձեռքբերմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Դավոսում մասնակցում է միջազգային տնտեսական համաժողովին: «Մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի՝ որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք շահագրգռված ենք հիմնականում ամենաարդիական պաշտպանական սպառազինության ձեռքերմամբ, նոր մշակումներով: Դա վերաբերում է ե՛ւ ուղղաթիռային տեխնիկային, ե՛ւ պաշտպանության համակարգերին՝ ողջ համալիրին: Դա շարունակական գործընթաց է»,-նշել է Ալիևը:
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:
-Պարոն Բադալյան, ինչի՞ է ձգտում հասնել Ալիևը՝ նման սադրիչ հայտարարություններ անելով, մանավանդ՝ սահմանային վերջին միջադեպերից հետո:
-Հենց այն, ինչին որ դուք պատասխանեցիք: Ադրբեջանը ձգտում է Հայաստանի նկատմամբ իր ռազմական գերիշխանությունը մեծացնել: Ադրբեջանը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղն ամեն գնով Ադրբեջանի կազմում ընդգրկելու իր ծրագրից, իսկ այդ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել, երբ ունես բավական փող, ռազմական նոր տեխնիկա: Հիմա՝ թե ինչքանով դա նրան կհաջողվի, չեմ կարող ասել, բայց այդ ծրագրի իրականացման համար հարկավոր է մեծ թվով նորացված ռազմամթերք, ինչը և անում է Ադրբեջանը:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի կամ կլինի Մոսկվայի արձագանքն՝ այս հայտարարությանը:
-Թե ինչպիսին կլինի, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, թե ինչպիսին է հիմա: Ադրբեջանը ոչ միայն հայտարարեց, այլև 4 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա գնեց: Իսկ հիմա Ռուսաստանը կվաճառի համապատասխան և համարժեք ռազմական տեխնիկա Ադրբեջանին, միաժամանակ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, դա պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Մոսկվան կվաճառի այնքան ռազմական տեխնիկա, ինչքան Ադրբեջանը կվճարի:
-Իսկ հայկական կողմի պատասխանը ո՞րը պետք է լինի:
-Հայկական կողմը պրոտոկոլային մակարդակում միշտ տալիս է պատասխան, որ զենքի գնով ոչինչ չի լուծվում, խաղաղ ճանապարհով պետք է լինի: Հայաստանի արձագանքը պետք է լինի ոչ միայն զուտ դիվանագիտական, այլև՝ պետք է լինի տնտեսական քաղաքականությամբ: Հայաստանն այնպիսի հզոր տնտեսություն, արտաքին քաղաքականություն պետք է ունենա, որ Ադրբեջանը չհամարձակվի զենքի ուժով հարցը լուծել: Իսկ քանի դեռ Հայաստանը թուլանում է, Ադրբեջանը միշտ էլ փորձելու է զենքով հարցը լուծել:
-Արդյոք Ալիևի հայտարարությունը և կոնկրետ Մոսկվայից ռազմամթերք ձեռք բերելու մասը շեշտելը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի լարվածություն ստեղծելու նպատակ չունի՞:
-Գուցե: Բայց միանշանակ՝ չէ, որովհետև Միացյալ նահանգները չի կարող Ադրբեջանին զենք վաճառել, Ֆրանսիան վաճառում է, բայց որակի առումով՝ ռուսական զենքն ավելի լավն է, քան ֆրանսիականը, այդ իսկ պատճառով՝ մնում է Ռուսաստանը: Իհարկե, Ադրբեջանը միայն Ռուսաստանից չի գնում զենք: Պարզապես այդ որակի ու համապատասխան զենքեր՝ Ռուսաստանն է վաճառում: Իսկ հարաբերությունները փչացնելու մասով, կարող եմ ասել՝ եթե պահը գա՝ Հայաստանի իշխանությունները լավ էլ կլռեն և ոչ մի բան չեն բողոքի:
-Իսկ որքանո՞վ եք հավանական համարում ապրիլյան սցենարի կրկնությունը:
-Ամեն վայրկյան պետք է սպասել, որովհետև Ադրբեջանը ասել է՝ չի սպասելու ևս 20 տարի՝ հարցի խաղաղ լուծման համար: Առաջին իսկ հնարավորության դեպքում՝ տարածքներ է գրավելու: Ամեն վայրկյան՝ ապրիլի 2-ը կարող է կրկնվել:
Քրիստինա Աղալարյան