Հունվարի 19-ին կյանքի 62-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Միգել Ֆերերը: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ դերասանը կյանքից հեռացել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Նշվում է, որ բժիշկները նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել:
Ֆերերը, հայտնի էր տարբեր սերիալներում խաղացած իր դերերով: Նա մասնակցել է այնպիսի հեռուստանախագծերի, ինչպիսիք են՝ «Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես» (2009), «Ջորդանի հետաքննությունը» (2001-2007) եւ ուրիշներ: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը «Թվին Փիքս» (1990-1991) կուլտային սերիալում խաղացած դերն է, որի վերադարձը հեռուստաէկրաններին պլանավորված է այս տարվա մայիսին:
Սանտա-Մոնիկայից (Կալիֆոռնիայի նահանգ) սերված դերասանը նաեւ հռչակվել է մեծ էկրանին երկրորդ պլանի իր բազմաթիվ դերերով, խաղալով, մասնավորապես, այնպիսի հայտնի կինոնկարներում, ինչպիսիք են՝ «Ռոբոքոփ» (1987), «Տաք գլուխներ 2» (1993), «Թրաֆիք» (2000) ժապավենները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: