Երեկ երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպես և ակնկալվում էր, Բիսմարկին ցիտող Շարմազանովը «դիվանագիտորեն» խուսափեց պատասխանել լրագրողների անհարմար հարցերին և ամեն կերպ ջանաց ստեղծել տպավորություն, որ իշխող քաղաքական ուժի մոտ նախընտրական այս փուլը հալած յուղի պես է ընթանում: Ինչ խոսք՝ պարզից էլ պարզ էր այն լարվածությունը, որն առկա էր ինչպես նիստի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո:

 

Ինչ արժե միայն այն փաստը, որ ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը այս անգամ չէր պատվել իր ներկայությամբ հարազատ կուսակցության ԳՄ նիստը: Հովիկ Աբրահամյանը արդեն մի քանի օր է ինչ Մոսկվայում է: Թերևս պարզից էլ պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոսկվա սեփական քաղաքական ապագայի հարցի լուծումը գտնելու նպատակով, մի հարց, որը կարծես թե լուծում չի ստանում Հայաստանում: Իսկ այն փաստը, որ ՀՀԿ մամուլի քարտուղարը տեղյակ չէր նիստից բացակայելու Աբրահամյանի պատճառներից, խոսուն վկայությունն է այն բանի, որ ՀՀԿ-ում ոչ միայն երկրի խնդիրներից են «բեխաբար», այլ նաև իրարից...

 

Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ իշխող ուժն ընտրությունների է գնում այսչափ դեմորալիզացված, ներքին հակասություններից թուլացած, երբ անգամ ունակ չէ լուծել իշխանական բացի խնդիրը: Այս պարագայում՝ հասկանալի է, թե ինչու են ՀՀԿ-ականները ԳՄ նիստում քննարկել ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: ՀՀԿ-ի գլխին սև ամպեր են կուտակվել, որոնք ոչ մի կերպ չեն ցրվում, իսկ ընտրությունները սարերի հետևում չեն:
ՀՀԿ-ն կարծես թե թաղվել է ներկուսակցական վեճերի մեջ և դեռևս պատրաստ չէ նախընտրական ակտիվ փուլ մտնել: Անգամ շտաբի պետ չեն ընտրել, ուր մնաց՝ ռեյտինգային ցուցակի հարցերում կողմնորոշվեին…

 

ՀՀԿ մամուլի քարտուղարի կարծիքով՝ անգամ Գագիկ Ծառուկյանի վերադարձը չի նվազեցրել ՀՀԿ շանսերը: Դա, անշուշտ, այդպես է, քանի որ արդար ընտրություններ անցկացնելու պարագայում ՀՀԿ շանսերը ինչպես զրոյին հավասար էին, այդպես էլ զրոյին հավասար են մնում: Մինչդեռ իրավիճակից ելք չգտնելու պարագայում՝ ՀՀԿ պարտվելու է առաջին հերթին ինքն իրեն և դառնալու է իշխանական բուրգի վերին հատվածում գտնվող մի շարք անհատների քաղաքական ամբիցիաների գոհը:


Ըստ Շարմազանովի՝ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր նախընտրական շրջանում կգնան զոռբայության, ոչ կոռեկտության ճանապարհով, կարժանանան ոչ դրական խոսքերի: Հանրությունը քաջատեղյակ է, թե հատկապես որ ուժերն ու գործիչներն են մեր երկրում աչքի ընկնում նման գործելաոճով, հետևաբար, սպասենք Շարմազանովի «ոչ դրական խոսքերին՝» ուղղված իր իսկ կուսակից և «գաղափարակից» գործընկերներին:


Բիսմարկի մեծ երկրպագու Շարմազանովը նաև ցիտեց իր կուռքի մեկ այլ հայտնի խոսքը՝ «ամենաշատը ստում են հենց ընտրություններից առաջ»: Ով- ով, սակայն հայ հասարակությունը դրանում որևէ կասկած ունենալ չի կարող: Ի ուրախություն Բիսմարկի՝ նրա կյանքի օրոք ՀՀԿ դեռ գոյություն չուներ, հակառակ պարագայում՝ նա կիմանար, որ ընտրություններից հետո՝ ստում են ոչ պակաս…


 Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ