Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահի նշանակումը հույս էր ներշնչում, որ կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող այս կառույցը ի վերջո կդասվի օրինակելիների շարքը: Այսօր ՊԵԿ-ը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում և կարծես թե շուտով մեզ էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: ՊԵԿ նորանշանակ նախագահը դրական փոփոխությունների հանրության հույսերը փաստացի փոշիացրեց՝ հայտարարելով, որ մեր երկրում մոնոպոլիաներ չկան: Եթե փորձենք քիչ թե շատ բանական բացատրություն տալ նման հայտարտարությանը, ապա պետք է փաստենք, որ, թերևս, մեր հասարակությունը և ՊԵԿ ղեկավարը բնակվում են տարբեր մոլորակներում:

Հայաստանի խոշոր հարկատուների կեսից ավելին ստվերային հսկայական շրջանառություն ունեն, նրանց պատկանող հարյուրավոր ձեռնարկությունների ստվերային գործունեության հետևանքով տարեկան կտրվածքով պետբյուջե չի վճարվում ավելի քան 42,5 միլիարդ դրամ: ՊԵԿ նորանշանակ նախագահը կարող է շատ հանգիստ հայտարարել այս մասին և բիզնես դասի ինքնաթիռով հերթական ուղևորության մեկնել, չգիտակցելով (իսկ դա՝ դժվար թե) պետության համար այդ գործունեության աղետալի հետևանքները:

Տրամաբանական հարց է առաջանում. ինչպե՞ս կարող էին խոշորագույն հարկատուները տևական ժամանակ այդ չափի ստվերային գործունեություն ծավալել, նաև՝ հաշվի առնելով, որ բացահայտումն արվել է ՊԵԿ-ի նոր նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում. արդյո՞ք չկան կոռուպցիոն ռիսկեր՝ կապված ՊԵԿ-ի նախկին ղեկավարության հետ: Եվ արդյո՞ք ժամանակը չէ, որ բազմաթիվ բացահայտված դեպքերի համար գեթ մեկ պաշտոնատար անձի գործ՝ մտներ դատարան: Եթե կան հանցագործներ, ապա ո՞ւր են նրանք, և ինչո՞ւ ճաղավանդակների հետևում չեն. թե՞ մեր օրերում պետության գումարը գրպանելն այլևս քրեական հանցանքների թվին չի դասվում:

Վարդան Հարությունյանը հայտարարում է, որ ՊԵԿ-ը մաքրելու է, իր բնութագրմամբ՝ «կաշառակեր ու անառողջ էլեմենտներից»: Բայց ինչպե՞ս է դա նրան հաջողվելու, երբ ՊԵԿ-ի ներկայիս ղեկավարի խոսքով, իրեն անհրաժեշտ են «հանուն Հայաստանի, ամսական 50-70 հազար դրամ աշխատավարձի դիմաց աշխատելու պատրաստ երկուս ու կես հազար տեսուչներ»: Հատկանշական է, որ 50-70 հազար դրամ աշխատավարձով հարկային տեսուչ փնտրող ՊԵԿ-ի նախագահն իր հարմարավետության հաշվին չի պատրաստվում հրաժարավել բիզնես դասի ավիատոմսերից կամ երթևեկել հեծանիվով:

Իսկ այդ ընթացքում՝ մեր երկրում շարունակում են «գոյություն չունենալ» բանանի, շաքարի և մի շարք այլ պարենային ապրանքների մենաշնորհները: Փոխարենը՝ ՊԵԿ-ը շատ տարակուսելի ակտիվություն է դրսևորում ՀՀԿ-ական օլիգարխներից մեկի սուպերմարկետների ցանցի հանդեպ: Իհարկե, հասարակությունը դժվար թե հավատա, որ նախընտրական շրջանում «օրինապաշտության» նման պոռթկումը ՊԵԿ-ի կողմից պատահական է: Կարծես թե, ՊԵԿ-ը ներքաշվում է նախընտրական հակասությունների թնջուկի մեջ, ինչը բնավ դրական ազդեցություն չի ունենալու այս կառույցի, առանց այդ էլ՝ ոչ արդյունավետ աշխատանքի վրա:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ