Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց վարչությունն աշխատում է այնպես, որ և՛ Գյումրու օդանավակայանը, և՛ «Զվարթնոց» օդանավակայանն աշխատեն բաց երկնքի քաղաքականությամբ:
Խոսելով ռուսական «Պոբեդա» ընկերության իրականացրած չվերթների մասին՝ պաշտոնյան նշեց, որ իրենք շատ գոհ են, քանի որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից այդ ընկերությունն աշխատում է գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ, և հիմա քննարկումներ են ընթանում չվերթների ավելացման ուղղությամբ»:
Անդրադառնալով հարցին, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ո՞ր ավիաընկերություններն է ի նկատի ունեցել, երբ հայտարարել է, որ դրանք կաշխատեն Գյումրիում և ավիաընկերություններից մեկն էլ գյումրեցու է պատկանում, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը նշեց, որ չի պատրաստվում մեկնաբանել Սամվել Բալասանյանի ասածները, իսկ վարչությունը նոր հայտեր չի ստացել. «Այս պահի դրությամբ՝ մենք աշխատում ենք տարբեր տնտեսվարողների հետ, ես չեմ բացում փակագծերը, քանի որ այս պահին որևէ քայլ չենք արել»:
Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են օգտվել Թբիլիսիի օդանավակայանից՝ քանի որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները շատ բարձր են, Սերգեյ Ավետիսյանն ասաց. «Մենք երբեք չենք ասում, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները շատ էժան են, բայց ասում ենք, որ դրանք մրցակցային են»,- նշեց Սերգեյ Ավետիսյանը, հավելելով, որ Թբիլիսիի օդանավակայանից եվրոպական երկրներ չվերթներ իրականանցնող ավիաընկերությունների 99 տոկոսը թուրքական բյուջետային ընկերություններ են:
Աղավնի Սուքիասյան