Օրերս պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կհրապարակվի փաստաթղթերի ընդունման վերջին օրը՝ փետրվարի 16-ին։ Մինչ այդ ոչ մի կուսակցական չի իմանալու ցուցակում իր տեղի մասին։ Սերժ Սարգսյանը, նման «դիվանագիտական» քայլի է դիմել մի նպատակով, այն հանրապետականները, ովքեր դժգոհ կլինեն համամասնական ցուցակի իրենց տեղից, վերջին օրը բնականաբար չեն հասցնի լքել կուսակցությունն ու հանգրվանել մեկ այլ դաշինքի ցուցակում: Իսկ որ ՀՀԿ շարքերը, մեղմ ասած, նոսրանում են վերջին օրերի ընթացքում՝ դա ակնհայտ է: Սերժ Սարգսյանը իր կուսակից ընկերներին ցայտնոտի մեջ է գցում ցանկանալով որոշ ժամանակով զսպել «նեղացածների» արտահոսքը:

ՀՀԿ օդիոզները խուճապի մեջ են՝ մի շարք կարկառուն հանրապետականների՝ մայր գետից հեռանալուց հետո: Նրանք հասկանում են, որ փորձ է արվում ՀՀԿ համամասնական ցուցակը մաքրել ու նախընտրական փիառը կառուցել հենց դրա վրա: Քանզի փիառվելու որևէ այլ հիմք ՀՀԿ-ն այս պահին չունի: Մյուս կողմից օդիոզները չեն հասկանում՝ այդ դեպքում իրենք կարո՞ղ են ՀՀԿ-ից դուրս գալու դիմում գրել ու փորձել միանալ այլ ուժերի. ուժերի, որոնք լուրջ այլընտրանք են հանդիսանալու ՀՀԿ-ին:

Ակնկալվում է, որ ցուցակի ավելի բարձր հորիզոնականներում կլինեն մարդիկ, ովքեր կառաջադրվեն նաև ռեյտինգային ընտրակարգով, և եթե նրանք ընտրվեն, ապա ցուցակի ներքևում գտնվողները կբարձրանան: Նրանց մի մասն էլ աշխատանք կստանա գործադիր իշխանությունում, բայց, նույնիսկ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, պարզ է, որ 80-րդ հորիզոնականից ցածր տեղերում գտնվողները կարող են պատգամավորական մանդատ ստանալ, եթե ՀՀԿ-ն ստանա 60 ավել տոկոս, ինչը՝ ոչ միայն իրական չէ, այլ ֆանտաստիկայի ոլորտից է, եթե նկատի ունենանք այդ կուսակցության ներկայիս վարկանիշը:

ՀՀԿ-ում ձևավորվել էին այնպիսի իրարամերժ բևեռներ, որոնց ներքին խուլ մրցապայքարն անհնարին են դարձնում օդիոզ կերպարների կողմից ամբողջական կառավարման տիրապետումը: Բացի դրանից՝ չկա երաշխիք, որ չեն դառնալու վարչական մեքենայի կոմպրոմատների զոհը և չեն կանգնելու՝ ամեն ինչ և միանգամից կորցնելու, քրեական հետապնդումների ենթարկվելու իրական վտանգի առջև: ՀՀԿ խորհրդի վերջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի սպառնաց կուսակցությունից դուրս եկողներին և նրանց՝ ովքեր նմանատիպ ցանկություն կարտահայտեն:

Սերժ Սարգսյանի խոսքում հստակ սպառնալիք կար՝ հեռացողնե՛ր, եթե ինձ հետ չեք, վաղ թե ուշ «չորանալու եք»: Նախագահը նաև ակնարկեց, որ ինքն անձամբ է որոշելու, թե ընտրություններում ով ինչ դերակատարում կունենա և ով ինչ պաշտոն կզբաղեցնի: Այս պարագայում, Սերժ Սարգսյանը ձիով քայլ է կատարել՝ համամասնական ցուցակի հրապարակումը թողնելով վերջին օրվան, քանի դեռ հանրապետականները ունեն մանդատ ձեռք բերելու թեկուզև մշուշոտ շանսեր, նրանք դժվար թե լքեն կուսակցության շարքերը: Արդյոք ՀՀԿ-ում գիտակցում են, որ այս լուծումը լոկալ է և առավելագույնս կարող է նպաստել վերջի սկզբի հետաձգմանը…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ