Սան Ֆրանցիսկոյում վերաքննիչ դատարանը մերժել է մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի կիրառումը կասեցնելու դեմ, հայտնում է Associated Press-ը։

Դատարանը հրաժարվել է անմիջապես հանել նախագահական հրամանագրի կիրառման արգելքը, ինչպես պահանջում էր Արդարադատության նախարարությունը՝ առաջարկելով ԱՄՆ նախագահի վարչակազմին ներկայացնել իր դիրքորոշումը պաշտպանող լրացուցիչ փաստարկներ, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։

ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարթը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրված միգրացիոն սահմանափակումները մուսուլմանական մեծամասնությամբ 7 երկրների նկատմամբ: Որոշման մեջ դատավորը շեշտել է, որ կառավարության ներկայացուցիչների այն պնդումները, թե դաշնա յին դատավորներն իրավասություն չունեն կասեցնելու համար նախագահի հրամանագիրը, հիմնավոր չեն:

Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցույցերի պատճառ էր դարձել: Կասեցվել էին շուրջ 60 հազար ամերիկյան վիզաներ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատավոր Ռոբարթի որոշումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար: Արգելքը վերաբերում է վերոնշյալ երկրների քաղաքացիների համար՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք ունեն բնակության իրավունք, Green Card կամ վիզա:

Լուսանկարը՝ Reuters