Արագածոտնի մարզի Թլիկ համայնքը գտնվում է կաթվածահար վիճակում. թեպետ 21-րդ դարն է, բայց համայնքի բնակիչներն արդեն տասնյակ տարիներ երազում են ծորակից ջուր խմելու մասին:

 

«30 տարի է՝ մեր համայնքը խմելու ջուր չունի, իսկ արդեն 20 օր է՝ ինչ ոռոգման ջուր չունենք: Այն, որ խմելու ջուր չկա, պատճառ է դարձել, որ համայնքը գնալով դատարկվի: Բոլորը փախան էս գյուղից: Որպես համայնքի ղեկավար՝ դիմել եմ տարբեր պատկան մարմինների, բոլորից ստանում ենք տարբեր գրություններ, տարբեր պատասխաններ, ամեն մեկը մի բան է ասում,  բայց մինչ օրս խմելու ջրի հարցը չի լուծվում»,-այս մասին այսօր ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սաղոյանը:

 

Ըստ գյուղապետի՝ թեպետ տարվա այս եղանակին գյուղացիները չեն օգտվում ոռոգման ջրից, բայց գյուղում այս շրջանում նույնպես ոռոգման ջուրն անհրաժեշտ է ու արդեն 20 օր է՝ կանգնել են փաստի առաջ:

 

Արդյոք խմելու և ոռոգման ջրի հարցով համայքը դիմե՞լ է մարզպետարանի համապատասխան վարչություն, գյուղապետը պատասխանեց.

 

«Արագածոտնի մարզպետարան ենք դիմել, խոսում են տարբեր թվերի մասին. մեկ խոսվում է 800 միլիոնի մասին, մեկ 40 միլիոնի մասին: Ես հայտարարում եմ, որ եթե խմելու ջրի համար անհրաժեշտ է 40 միլիոնի ներդրում, պատրաստ եմ դրա որոշակի չափն անձամբ ներդնել: Պատրաստ եմ անձնական ներդրում ունենալ, որպեսզի գյուղը խմելու ջուր ունենա և գյուղացիները դադարեն հարևան գյուղից ջուր կրել»:

 

Աղավնի Սուքիասյան