Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Հայաստանը որևիցե միջոց չի ձեռնարկում Լապշինի պաշտպանության համար և չի էլ փորձում ձեռնարկել. «Ինչ-որ միջոցներ Իսրայելն ու Ռուսաստանը փորձեցին ձեռնարկել, սակայն Ռուսաստանի ձեռնարկած միջոցները փաստաբանները համարում են անբավարար: Փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նաև քննարկման առարկա են դարձրել այն հանգամանքը, որ Ռուսաստանը չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ իր քաղաքացուն պաշտպանելու համար: Այդուհանդերձ, ասեմ, որ մեծ հույսեր չկան և շատ հավանական է, որ վաղը Լապշինը կլինի Բաքվում»:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ քիչ առաջ է խոսել Լապշինի փաստաբաններից մեկի հետ. «Այսօր վերջին օրն է, որ Եվրոպական դատարանը պետք է ասի՝ գործը վարույթ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ: Քանի որ Բելառուսը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, ըստ այդմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները Բելառուսի համար պարտադիր չեն»:
Հիշեցնենք՝ Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Սոնա Հարությունյան