Հայկական դիվանագիտությունն իր մտահոգությունը պետք հայտնի, որ իր քաղաքացիները, հայտնվելով Բելառուսում, կարող են բլոգեր Լապշինի ճակատագրին արժանանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

 

Նրա խոսքով՝ պետք է ՀՀ քաղաքացիներին պետական մակարդակով տեղեկացնել, որ Բելառուս չայցելեն, հակառակ դեպքում՝ կարող են արժանանալ Լապշինի ճակատագրին: Բանախոսը ցավով նշեց, որ Հայաստանը շատ երկրներում պարզապես դիվանագետ չունի, ոչ ոք դիվանագետի կրթություն չունի, այդ իսկ պատճառով՝ հայկական դիվանագիտական կորպուսը գտնվում է այս վիճակում:

 

Քաղտեխնոլոգը չի կարծում, թե Լապշինի նկատմամբ Ադրբեջանում որևէ բացասական բան կարող են անել: «Ադրբեջանը և Բելառուսը «բազարների» մեջ են մտնելու Ռուսաստանի, միգուցե կուլիսներում՝ նաև Իսրայելի հետ: Մենք շատ կոշտ հայտարարություններ պետք է անենք»,- շեշտեց Քոչարյանը: 

 

Ի դեպ՝ քննչական մեկուսարանում բլոգեր Ալեքսանդր Լապշինին այցելել է Բաքվում Իսրայելի հյուպատոսը: Բլոգերը բուժզննություն է անցել

 

Նշենք՝ ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, ով բնակվում է Մոսկվայում և վարում հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

 

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալն էլ որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

 

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում՝ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: