Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում անցած տարվա նոյեմբերի 28-ին տեղի ունեցած արագացված դատական նիստի ժամանակ ՀԷՑ ՓԲԸ-ի հայցի հիման վրա «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն ճանաչվել էր սնանկ: 

«Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը և ՀՀ գործող կուսակցությունները, ովքեր մտահոգ են գործարանի հետագա ճակատագրով, 2017թվականի փետրվարի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկ-նամակ են ներկայացրել, որով առաջարկել են վարչապետին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով: Սակայն Կառավարությունից նրանց նամակն ուղարկվել է Էներգետիկայի նախարարություն, այնտեղից էլ՝ գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նաիրիտցիները փաստում են՝ վարչապետ Կարեն Կարապետյանն արհամարել է ոչ միայն իրենց, այլ նաև 12 կուսակցությունների, նամակն ուղարկելով «Նաիրիտ»-ի սնանկության կառավարչին:

«Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը մեզ տեղեկացրեց, որ վաղը՝ փետրվարի 14-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, ժամը 13:00-ին տեղի կունենա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովը, որով էլ կորոշվի «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրը. կամ կվերագործարկվի, կամ կտանեն վերջնական կործանման։ 

Նշենք, որ «Նաիրիտ»-ին դատի էր տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ պահանջելով գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները և գործարանը սնանկ ճանաչել: