Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքներում շատ թեժ ընտրապայքար է գնալու։ Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունեն ոչ միայն տարբեր հայտնի անձինք, այլև՝ ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցողներ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջադրվում է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը, ով պատրաստվում է աշխատել միայն Կենտրոնում։ Իսկ Էրեբունու տարածքում կաշխատեն Սնխչի Հարութը և Արթուր ու Արտյոմ եղբայրները՝ «Վենեցիա» ռեստորանի տերերը։
Թեկնածուն կլինի Արթուր կամ Ասատուր Սահակյանը՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետը։ Նա Ֆլեշի Բարսեղի փեսայի՝ Սամվել Սանամյանի աշխատողն է և նրա օբյեկտներն աշխատեցնողը։ Այս տարածքից ԲՀԿ-ն առաջադրելու է Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին, նախկին պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանին, Տուգոյին՝ Արսեն Ավագյանին, եթե վերջնական որոշում կայացվի, նաև Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ «Ելքից» առաջադրվելու է Ալեն Սիմոնյանը, բայց քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը կառաջադրվի Արաբկիրում՝ թիվ 2 ընտրատարածքում: Արաբկիրում կառաջադրվի նաև անհատ ձեռներեց Արայիկ Խաչատրյանը, «Ծիր Կաթին» քոլեջի տնօրեն Լիաննա Չիթչյանը կառաջադրվի Երևանի «Կենտրոն» վարչական շրջանում:
Ինչպես տեսնում ենք Երևանում ամենաթեժ մրցակցությունը սպասվում է հենց այս երեք ընտրատեղամասերում, որտեղ կուսակցությունները և դաշինքները ջանացել են ապահովել անզիջում պայքար : Այս երեք ընտրատարածքներում են առաջադրվելու ներկա քաղաքական ներկապնակի ամենավառ դեմքերը: Թե ով՝ ինչպիսի մարտավարություն կնտրի՝ դժվար է ասել, անշուշտ այս ընտրատարածքում:
Միմյանց դեմ կպայքարեն ինչպես կուսակցական հնաբնակները, այնպես էլ հանրությանը հայտնի քաղաքացիական ակտիվիստներ: Հատկապես Կենտրոն և Նորք–Մարաշ ընտրատարածներում ակնկալվում է ոչ միայն միջկուսակցական, այլ նաև՝ ներկուսակցական լուրջ մրցակցություն, հաշվի առնելով, որ միմյանց դեմ են պայքարելու հին և նոր դեմքեր, հետևաբար, ամբիցիաների լուրջ բախում է սպասվում: Միևնույն ժամանակ այս ընտրատարածքներում գրանցված թեկնածուներն են տիրապետում հսկայական ռեսուրսային բազայի՝ ինչը ենթադրում է, որ այստեղ նյութական գործոնը կարող է վճռական գործոն հանդիսանալ: