Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին:
«Այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել:
Հսկայական գումարներ քամուն տալու ճանապարհով դատարկ ու մեկշաբաթանոց կյանք ունեցող «փիառ» ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի «ներքին» խնդիր: Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը ժամանակին հանգեցրեց հակամարտության սրմանը և պատերազմին՝ բերելով բազմաթիվ անտեղի զոհեր ու տառապանքներ հենց, առաջին հերթին, Ադրբեջանի ժողովրդի համար:
Ձեզնից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց՝ ձեր և մեր ժողովրդի այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում և այլ վայրերում թեյ խմելուց:
Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը:
Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: Իսկ մենք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին:
Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի և չի կարող ունենալ: Ասվածի ապացույցը անցած տասնամյակների փորձն է»,-իր խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: