Դիլիջանի քաղաքապետ, ՀՀԿ կուսակցության անդամ Արմեն Սանթրոսյանը դրական է համարում իր կուսակից ընկերների առաջադրումը. «Համոզված եմ՝ հաղթելու ենք»:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ սատարելու է իր ընկերներին:
Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է պատրաստվում սատարել կուսակից ընկերներին, Սանթրոսյանն ասաց. «Այցելելու եմ շտաբներ, տեսնեմ՝ ինչ խնդիրներ կան, ինչով կարող եմ օգտակար լինել: Նաև իմ հեղինակությունն եմ օգտագործելու. մեր բնակչությանը խնդրելու եմ, որ ճիշտ կողմնորոշվեն»:
ՀՀԿ-ն թիվ 13-րդ ընտրատարածքում՝ Տավուշի մարզում, ռեյթինգային ցուցակով 7 թեկնածու է առաջադրել, որոնց թվում են Գրիգոր Ավալյանը՝ «Գրանդ տոբակո»-ի ֆինանսական տնօրենը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Կիլիկիայի Հակոբը»), ԵՌՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանը, Իջևանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը:
Քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ թեկնածուներից կոնկրետ ու՞մ է նա սատարելու, եթե իր հեղինակությունն օգտագործելու է բնակիչներին կողմնորոշելու համար, ո՞ր թեկնածուի համար է դա անելու՝ ասաց. «Յոթն էլ արժանի են հաղթելու, ինձ շատ մտերիմ մարդիկ են: Մենք որևիցե մեկին չենք խանգարում ընտրապայքարում, կոլեկտիվ ենք աշխատում: Յոթից՝ որը հարազատ կլինի, նրան էլ բնակիչները կընտրեն»:
Սանթրոսյանի հետ զրույցում նաև խոսեցինք իր՝ ռեյթինգայինով չառաջադրվելու մասին, չէ՞ որ իր կուսակիցներից շատերը հարազատ կուսակցության համար ձայներ հավաքելու նպատակով գնում են այդ քայլին: Հարցին ի պատասխան ասաց. «Չեմ առաջադրվել, որովհետև կուսակցությունն է այդպես որոշել, դա իմ ցանկությամբ չէ»: