ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
-Պարո՛ն Ամարյան, Հայաստանում թվով քանի՞ աղանդավորական կազմակերպություն կա և դրանցից քանի՞սն ունի պետական գրանցում:
-Հայաստանում 250 քայքայիչ աղանդ ունենք և դրանցից գրանցված են 65-ը: Այս կազմակերպություններից յուրաքանչյուրը ներգրավված է տարբեր ոլորտներում՝ մեկը՝ ցանցային մարկենտինգի մեջ, մյուսը՝ սննդի ոլորտում, հաջորդը՝ հյուրանոցային կամ քաղաքաշինության ոլորտում: Աղանդները նպատակ են դրել աշխատել երիտասարդների հետ, նրանց նպատակն է՝ բթացնել դպրոցականների ուղեղները: Պատահական չէ, որ Եհովայի վկաներն, օրինակ, իրենց ստենդները դնում են այն տարածքներում՝ ոստիկանություն, դատարան, բուհեր, որտեղ շատ կան երիտասարդներ և ընկճված մարդիկ:
-Ի՞նչ վերադասավորումներ կունենան աղանդավորական կազմակերպությունները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
-Աղանդավորների մասնակցությունը ընտրություններին՝ առաջին անգամ մենք կարողացանք բացահայտել 2000-ական թվականներին: Հայաստանում գործող բոլոր խարիզմատիկ եկեղեցիները, որոնք քրիստոնեական աղանդավորական կազմակերպություններ են, ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքական կյանքին: Խնդիրը նրանում է, որ կուսակցությունների ղեկավարներին ձեռնտու է աղանդավորներին ներգրավել ընտրություններին, քանի որ եթե ընտրակաշառքների համար սովորաբար գործ են ունենում անհատների հետ, ապա աղանդավորների պարագայում ընտրվող թեկնածուն գործ ունի միայն կրոնական կազմակերպության հովվի հետ: Ընտրակաշառքի դիմելու ժամանակ հովվին տալիս են գումարը, վերջինս էլ այն բաժանում է իր հավատացյալների մեջ: Այսօրվա դրությամբ՝ մենք ունենք խարիզմատիկ եկեղեցու բողոքական ճյուղը: Ըստ իրենց տվյալների՝ այդ ճյուղի հետևորդ է համարվում 150 հազար մարդ:
-Աղանդավորական կազմակերպությունները ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում, արդյո՞ք դրանք կուղղորդվեն ընտրություններից առաջ տարբեր կուսակցությունների:
_Վերջերս, առանց կենտրոնական բանկի, միջպետական փողերի փոխանցում է կատարվում, որը հայտնի է ՀԱՎԱԼԱ անվամբ: Սա մեզ մոտ նոր մոտեցում է: ՀԱՎԱԼԱ-ի իմաստն այն է, որ կարելի է աշխարհի տարբեր երկրներից հսկայական գումարներ փոխանցել Ամերիկայի գրասենյակ: Ամերիկյան գրասենյակից կապվում են Երևանի գրասենյակի հետ և մեկ զանգի միջոցով գումարը հասնում է հասցեատիրոջը: Այսինքն՝ գումարի փոխանցումը կենտրոնական բանկի կողմից չի վերահսկվում: Այսպես է կատարվում աշխարհում ահաբեկչության, գունավոր հեղափոխության ֆինանսավորումը: Սա ձեռնտու տարբրակ է ԱՄՆ հատուկ ծառայությունների համար: Փողերի փոխանցման հենց այս համակարգն է գործում կրոնական կազմակերպությունների պարագայում: Այդ գումարներն էլ Հայաստանում տրվում են ընդդիմադիր ուժերին և այլ ՀԿ-ների՝ քարոզարշավի կամ այլ աշխատանքների կազմակերպման համար:
Ստացվում է, որ կան չվերահսկվող ոլորտներ, որոնցով հսկայական գումարներ են լվացվում: Ասածիս լավագույն օրինակն են համարվում նաև ամենատարբեր ունիվերսալ վարկային կազմակերպությունները, որոնք նույնպես զբաղվուն են ՀԱՎԱԼԱ-ով:
-Հայաստանում գործող աղանդավորական ո՞ր կազմակերպությունները ո՞ր կուսակցություններին կսատարեն:
-Օրինակ, «Կյանքի խոսք»-ն ավելի շատ համագործակցում է ընդդիմադիր ուժերի հետ: Ժամանակին «Ժառանգություն»-ն ակտիվ կապերի մեջ էր ավետարանական եկեղեցիների հետ: Ունեմ տեղեկատվություն, որ Արթուր Սիմոնյանը ժամանակին նաև հանդիպում է ունեցել երեք կուսակիցների առաջնորդների հետ: Հիմա քանի դեռ ցուցակները չեն ձևավորվել, ես հստակ ոչինչ ասել չեմ կարող, թող ցուցակները ձևավորվեն, այն ժամանակ պատկերն ավելի ակնհայտ կլինի:
-Բազմիցս նշել եք, որ աղանդավորական կազմեկարպությունների մեջ ներգրավված են նաև բիզնեսի ներկայացուցիչներ և պաշտոնյաներ: Աննուններ կարո՞ղ եք տալ:
-Ամեն շաբաթ և կիակի օրերին կարելի է բարձրանալ «Կյանքի խոսք» եղեղեցի և տեսնել բիզնեսմենների, ուժային մարմինների աշխատակիցների, պաշտոնյաների մեքենաների շարասյուն: Եթե ուզում եք լսել անուններ, ասեմ. ինչո՞վ էր պայմանավորված մորմոնների 3 միլիոն դոլարի նվերը՝ «Սիվիլիթաս»-ին, որի հիմնադիրը Վարդան Օսկանյանն է: Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ է Շիրակի մարզում հանդիպումներ անցկացնում տեղի աղանդավորների հետ, և կողքից ի՞նչ բիզնես է անում: Որտեղի՞ց նրան այդքան գումար քարոզարշավ անելու համար, չէ՞ որ նա այդքան հարուստ չէ, նայեք նրա կենսագրությունը:
-Սովորաբար, պաշտոնյաները հրապարակում են այն գումարների չափը, որ ծախսել են քարոզարշավի վրա:
-Պաշտոնական թվերի մեջ ներառված չեն այն գումարները, որոնք աղանդավորներն են բերում և նրանց միջոցով է ծախսվում քարոզարշավի վրա: Տեսեք վարձակալվող տարածքների գները և ներկայացվող հաշվետվությունները. եթե սրան ավելացնենք նաև այն աշխատողների քանակը, ովքեր լծվում են քարոզարշավի համար, ապա ակնհայտ է առնում հայտարարած թվերի և իրական ծախսած գումարների անհամապատասխանությունը: Ոչ մի գումար, որը նշված է պաշտոնական հաշվետվության մեջ, չի համապատասխանում իրական ծախսերին:
-Ստացվում է՝ աղանդավորական շարժումներն ու քաղաքականությունն իրար սերտաճա՞ծ են:
-Այո՛, միանշանակ, դրանք սերտաճած են: Աղանդավորները, պետական պաշտոններ զբաղեցնելով, կարողանում են ի նպաստ իրենց՝ ազատ գործունեության որոշումներ կայացնել. օրինակ՝ Ազգային ժողովում իրենց ուզած օրենքն անցկացնել, դատական համակարգում ինչ-ինչ գործեր կարճել: Այս ամենին հակազդելու համար պետությունը պետք է կարողանա պատրաստել մասնագետներ, ովքեր նրանց կվերահսկեն: Մասնագետներ և վերահսկողություն է պետք, որ աղանդը միայն իր հավատքով զբաղվի, հակառակ դեպքում՝ պետք է պատժել:
-Մեր պետությունը ոլորտը չի վերահսկում. սա հանցավոր անտարբերությա՞ն, թե՞ դիտավորության հետևանք է:
-Ես կարծում եմ՝ սա դիտավորություն է: Պաշտոնյաներից շատերը ֆինանսավորում են աղանդավորական կառույցներից: Աղանդավորները խնդիր ունեն մտնել Ազգային ժողով, որ իրենց նպաստող օրենքներ ընդունեն և լուծեն նաև իրենց պաշտպանության հարցը: Մենք չենք կարող արգելել նրանց գործունեությունը, բայց օրենսդրական դաշտը պետք է խստացնել՝ նրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Ամբողջ եվրոպական երկրներում կան հատուկ կազմակերպություններ, որոնք զբաղվում են աղանդավորական կազմակերպությունների հանցագործությունները բացահայտելով, ինչո՞ւ մենք չունենք, չէ՞ որ նրանք մեր ազգային ես -ն են ջնջում և վերացնում:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի