Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը։ Նիստի ընթացքում պատգամավոր Հեղինե Բիշարյանը ԱԺ-ում հարց բարձրացրեց, հորդորելով հետևել Արթուր Սարգսյանի գործի ընթացքին, քանի որ վերջինս ունի առողջական լուրջ խնդիրներ:

 

«Ողջ համացանցը լցված է այն գաղափարով, որ Արթուր Սարգսյանը գտնվում է շատ ծանր առողջական վիճակում: Ինչպիսի՞ քննարկումներ են տեղի ունեցել, ինչո՞ւ է Արթուր Սարգսյանը մինչեւ այսօր ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որ մինչ օրս տառապում է, առավել եւս, որ բոլորին հայտնի է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ»,-ասաց Հեղինե Բիշարյանը:

 

Ի պատասխան պատգամավորի այս հարցադրումներին՝  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ  նման գործերը էդպես քննարկման առարկա չեն մեզ համար: Մենք էլ ենք  մտածում այնպես անել, որ այդ տղան դրսում լինի: Մտածումների համար հատուկ կարգեր կան, մոտեցումներ կան, որոնք մտածում են այդ մասին»: 

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: