Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհված զինծառայողների, որոնք, ի դեպ՝ բոլորը սպաներ են, անունները: 

 

Դեռ երեկ Ադրբեջանը պետք է իր զինծառայողների դիակները դուրս բերեր չեզոք գոտուց, բանակցություններ էին ընթանում, սակայն գործընթացը ձախողվել է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը: Սակայն ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:

 

Այսօր բանակցությունները շարունակվում են: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց՝ հայկական կողմը երբեք դիակների հանձնման հետ կապված խնդիրներ չի առաջացրել: 

 

«Ադրբեջանական կողմը խախտել է այն կարգը, որը նման դեպքերում գործում է: Դա է եղել պատճառը, որ դիակների դուրսբերումը տեղի չի ունեցել: Գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Մենք ոչ մի անգամ չենք շահարկել դիակների խնդիրը, միշտ վերադարձրել ենք, թույլ ենք տվել, որ տանեն իրենց զինծառայողների դիերը: Ադրբեջանական կողմն է, որ խոշտանգում է դիակները, ողջ մարդկանց տանջամահ է անում և այլն: Սա մեր քաղաքակրթությանը խորթ է: Չեզոք գոտում կա հինգ դիակ, որոնց ընտանիքների սգավոր դառնալը, այդ ողբերգությունը Ադրբեջանի իշխանությունների վրա է ընկած: Իրենք են այնպես անում, որ իրենց քաղաքացիները զոհվեն»,- մանրամասնեց Բաբայանը: Նա հավելեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս պահին բանակցություններ են վարում և, մեր զրուցակցի խոսքով, եթե Ադրբեջանը կարգը չխախտի, որևէ հարց չի առաջանա դիակների դուրսբերման համար: 

 

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը Արցախի ու Ադրբեջանի սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:

 

Քրիստինա Աղալարյան