«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ուղղված էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին: Նա հարցրեց նախարարից, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որ բանակում թափանցիկության գաղափարի ներդրումը շարունակվի: Միաժամանկ նա հարցրեց. «Գաղտնիք չէ, տեսանք նաև որ բանակը շատ ժամանակ օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչպես ընտրությունների ժամանակ: Այն դեպքում, երբ միշտ խնդիր է դրվել բանակը չօգտագործել: Ի՞նչ երաշխիքներ կարող եք ներկայացնել, որ ապագայում բանակը չի օգտագործվելու պետության ներքին կյանքում և բոլորս ի՞նչ անենք, որ բանակն այս ամենից հեռու մնա»,-հարցրեց պատգամավորը:
Նախարարը հավատացրեց, որ իրենք ինչպես եղել է, այնպես էլ շարունակելու են բանակ-հասարակության կապն ամրապնդել, և նկատեց, որ հատուկ քաղաքականություն՝ բանակի իմիջի բարձրացմանն ուղղված, բանակի կողմից չի իրականացվելու:
Ինչ վերաբերվում է քաղաքականությանը, ապա նախարարը պատասխանեց. «Զինված Ուժերը պետք է չեզոք լինեն ընդհանուր քաղաքականության մեջ և մենք արգելում ենք բոլոր տեսակի քաղաքական շարժերը և բանակը չի օգտագործվում քաղաքական նկրտումներով: Բանակում զինծառայողները իրավունք չունեն մասնակցելու ինչ-որ քաղաքական հավաքների, բայց միևնույն ժամանակ էլ բանակի ներսում համապատասխան իրավական տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռնված է»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը, բացի այդ, նշեց, որ ՀՀ բանակում զինվորը կապ ունի իրենց հարազատների հետ և նրանք էլ իրենց որդիներին ուղղորդում են, թե՛ քաղաքական գործընթացներում ինչպես պետք է իրենց պահեն: «Բայց ամեն դեպքում գտնում եմ, որ, ընդհանուր առմամբ, բանակը զերծ պահելը քաղաքական գործընթացներից, դա ճիշտ է»,-եզրափակեց նախարարը: