Միացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը փետրվարի 27-ին հրապարակվել է ընկերության կայքում:

«Մենք ուրախ ենք, որ SpaceX-ը մոտեցել Է հաջորդ տարվա վերջին երկու մասնավոր քաղաքացիների Լուսնի շուրջը ճանապարհորդության ուղարկելուն: Նրանք արդեն զգալի կանխավճար են մուծել դեպի Լուսին թռիչքի համար»,- հայտարարել են ընկերությունում:

Պոտենցիալ տիեզերական զբոսաշրջիկների անունները SpaceX-ում չեն հայտնել: Մոտ ժամանակներս նրանք պետք է բժշկական հետազոտություն անցնեն, տարեվերջին, ինչպես սպասվում է, նրանք կսկսեն պատրաստվել թռիչքին:

Ընկերությունում նշել են, որ Լուսնի շուրջը ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում նաեւ այլ անձինք:
Լուսնի շուրջը թռիչքի համար պլանավորվում է օգտագործել Falcon Heavy նոր տանող հրթիռը, որի առաջին մեկնարկը պլանավորված է 2017 թվականի ամռանը, ինչպես նաեւ Dragon օդաչուավոր տիեզերանավը: SpaceX-ը մտադիր է տիեզերանավն արձակել Ֆլորիդայի նահանգի Քանավերալի հրվանդանի այն նույն մեկնահրապարակից, որն օգտագործվել Է 1960 – 1970-ական թվականներին «Ապոլոն» լուսնային ծրագրի առաքելությունների համար: