ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը ողջունում է վարչապետ Կարեն Կարպետյանի կողմից իրականացվող քայլերը՝ գործարարությունը Հայաստանում զարգացնելու համար. «Կառավարության այս մոտեցումը շատ ողջունելի է: Գործարարներին ավելի են արժեվորում, ավելի շուտ էր պետք դա անել, քանի որ երկրի ողնաշարը գործարարությունն է»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավորը՝ ոգևորված շեշտելով, որ հաճելի է, երբ պետությունն՝ ի դեմ վարչապետի, կարևորում է գործարարներին:
Արդյոք գործարարներին ամեն կերպ սատարելու պետության այս մոտեցումը կապվա՞ծ է նախընտրական շրջանի հետ, հարցին՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Չեմ ուզում վատատեսորեն տրամադրվել: Կարծում եմ' դա նախընտրական շրջանի հետ կապ չունի: Մենք այլընտրանք չունենք պարզապես, քանի որ տնտեսության վիճակը վատ է»:
Խոսելով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և, մասնավորապես, ընտրակաշառքների մասին, ՀՀԿ-ական պատգամավորը հարց բարձրացրեց՝ «իսկ ո՞վ է խանգարում կաշառք վերցնել մեկից, բայց ընտրել մյուսին»՝ շեշտելով, որ քաղաքացիների վրա ճնշումներ չեն գործադրվելու:
Մեր դիտարկմանը, որ ընտրություններից առաջ իշխանությունն ակտիվորեն կիրառում է նաև վարչական լծակները, պատգամավորն, ըստ էության, չհերքելով ասվածը, հավելեց. «Քվեախցիկում քաղաքացին ազատ է իր խղճի առաջ: Քվեախցիկում նա ինքն իր հետ է և որևէ մեկը չի կարող ազդել ընտրողի վրա: Ի՞նչն է խանգարում ընտրակաշառք վերցնել մեկից, ընտրել ուրիշին, կամ ընտրակաշառք վերցնել և ընտրել տվողին: Դա անձի խնդիրն է և նա միայն իրեն է հաշվետու»: