ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում հետաքրքրվել էր, թե որքան է կազմում ՀՆԱ-ի մասնաբաժնում գունավոր մետաղների, հանքահումքի արդյունաբերության շրջանակների չափը:

«Հիմա մեր թիմն ունի լուրջ առաջարկ բյուջե ներգրավելու ներքին ռեսուրսները, որի արդյունքում կբարձարանան կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը: Դուք պատասխանեցիք, որ չգիտեք: Հիմա երկար ժամանակ է անցել, և նույն հարցն եմ ուզում տալ, մասնավորապես, դրամական արտահայտմամբ ինչքա՞ն գումար կավելանա, եթե առնվազն կրկնակի հարկման դաշտը ավելացնեք՝ հաշվի առնելով ահռելի եկամուտները, որոնք ստանում են մեր պետությանը պատկանող մի բուռ հողից»,- ասաց պատգամավորը:

Արձագանքելով Ուրիխանյանի թիմի ծրագրին' վարչապետը պատասխանեց, որ այն կարող են իրականացնել ընտրություններում հաղթելու դեպքում:

«Ինչ վերաբերում է նրան, որ ձեր թիմը գիտի' ինչպես ավելացնել հարկերը, եթե դուք հաղթեք, կփորձեք այդպես անել, բայց գիտենք, որ հանքարդյունաբերության մեջ մեր ռեսուրսները բավական ավել են և այս պահին լրացուցիչ հարկ դնել բզինեսի վրա, տրամաբանական չէ: Եթե չեմ սխալվում, ձեր թիմն էր ասում, որ ճգնաժամային պահերին հարկ ավելացնելն անտրամաբանական է»,- պատասխանեց վարչապետը:

Պատգամավոր Ուրիխանյանն արձագանքեց, թե իրենց թիմը միշտ էլ բարձրաձայնել է ՓՄՁ-ներին հարկերից ազատելու հարցը:

«Դուք սխալվում եք, և առաջին անգամ չէ, որ սխալվում եք, մեր թիմը միշտ խոսել է և հիմա էլ խոսում է ՓՄՁ-ին հարկերից հանելու մասին: Ցավում եմ' այլ հարթության մեջ եք պատախանում, շնորհակալ եմ»,- ասաց Ուրիխանյանը:

Վարչապետը հարկ չհամարեց արձագանքել Ուրիխանյանի մեղադրանքներին:

«Շնորհակալ եմ»,- արհամարհական հայտարարեց վարչապետն ու զբաղեցրեց իր տեղը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.