Մարտի 1-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ դանակահարություն էր տեղի ունեցել, տուժողն՝ Աբրահամ Ադամյանն, այս պահին բժիշկների հսկողության տակ է և գտնվում է Էրեբունի ԲԿ-ում:
Քիչ առաջ նրան է այցելել «Ծառուկյան» դաշինքի կողմից վարկանիշային ընտրակարգով 4-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և իր զորակցությունն է հայտնել կուսակից ընկերոջը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք պատրաստակամ են յուրաքանչյուր հարցով օգտակար լինել իրենց կուսակից ընկերոջը և նրա կողքին լինել.
«Գագիկ Ծառուկյանի թիմակցի հետ պատահած ցանկացած միջադեպ չի վրիպելու մեր ուշադրությունից:
Միջադեպը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի, իսկ մեղավորները պատասխան տան՝ անկախ նրանից, թե որ քաղաքական թիմից են»,- ասաց Էնֆիաջյանը հավելելով. «Աբրահամ Ադամյանի և նրա հարազատների հետ անընդհատյա կապի մեջ եմ, իրեն լավ է զգում, բուժանձնակազմի փոխանցմամբ՝ առողջական վիճակը գնահատվում է լավ, ինչն էլ՝ մեզ համար այս պահին առաջնայինն է»։