Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնման ողջ պատմությունն ուղղակի զզվելի է։ Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս հաղորդավար ու հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը:
«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր տղային արտահանձնել։ Դա ապշեցուցիչ է։ Մեծ հաշվով, մեզ բոլորիս է պետք արտահանձնել։ Եթե նրան մեղադրում են միայն նրա մեջ, որ նա Ղարաբաղ է այցելել ու եթե դա Բելառուսի համար բավական է, չնայած ռուսական ԱԳՆ-ի ու Իսրայելի բողոքներին, ուրեմն դա պարզապես ապտակ է»,-նշեց Սոլովյովը:
Հասարակական գործիչը զզվելի որակեց այդ ամբողջ պատմությունը:
«Չէր կարելի այդպես անել։ Պետք է գոնե ինչ-որ հարգանք լինի միջազգային իրավունքի նկատմամբ։ Ես հասկանում եմ, որ ինչպես միշտ ընթանում է խորամանկ բելառուսական սակարկություն՝ ինչ -որ հերթական տնտեսական պայմանների համար, բայց ես չեմ կարծում, թե այդ պայմանները պետք է ինչ-որ կերպ ազդեն մարդու ճակատագրի վրա։ Ես շատ հարցեր ունեմ պարոն Լուկաշենկոյին ու ամբողջ բելառուսական իշխանությանը։ Դրանից ելնելով, հիմա ի՞նչ՝ մեզնից ոչ մեկը Բելառուս չմեկնի՞,կարող են բռնե՞լ։ Այդպե՞ս է ստացվում։ Ես բազմիցս եղել եմ Ղարաբաղում։ Եվ ես Ադրբեջանի կողմից չեմ այնտեղ մտել։ Եվ ի՞նչ»,- ընդգծեց Սոլովյովը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: