Ցանկացած մասշտաբի քաղաքական ընտրությունների առանձահատկություններից մեկն էլ, առանց որի ոչ մի ընտրական գործընթաց տեղի չի ունենում, անկասկած, քաղաքական ուժերի կողմից առաջ քաշվող կարգախոսներն են. սա քաղաքական մշակույթի մաս է կազմում բոլոր երկրներում ու ոչ միայն հանդիսանում է հասարակությանը այս կամ այն քաղաքական ուժի ծրագրերի ամփոփ ներկայացման կերպ, այլև նախանշում այն քաղաքական ձգտումներն ու պլանները, որոնց կրողի դերում հանդես է գալիս տվյալ քաղաքական ուժը:

Հայաստանում ևս, ինչպես կարելի է նկատել, քաղաքական լոզունգների ու կարգախոսների պակաս այս ընտրություններին առանձնապես չկա, ու դրանք, ըստ էության, համահունչ են դրանց ներքո հանդես եկող քաղաքական ուժերի ծրագրերին ու ունեցած ձգտումներին (համենայն դեպս՝ մեծամասամբ): Այդ լոզունգների ու կարգախոսների մեջ, սակայն, ամենաառանձնահատուկ կարգախոսներից մեկը «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կարգախոսն է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Համաձայնե՛ք՝ բավականին ինքնատիպ քաղաքական լոզունգ, որի հիմքում, ըստ էության, ընկած է արցախյան հիմնահարցի կարգավորման՝ տվյալ քաղաքական ուժի տեսլականը:

Ինչպես կարելի է նկատել, դաշինքի կարգախոսն, ի տարբերություն մյուսների, լիովին զուրկ է տնտեսական բաղադրիչից. հանգամանք, որը չնկատել ու ինչ-որ իմաստով՝ նաև տարօրինակ չհամարել, չենք կարող. վերջիվերջո, հասարակության ամենալայն շերտերին հուզող թիվ մեկ թեման այսօր երկրի տնտեսությունն է, ու տրամաբանական կլիներ, եթե «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքն իր կարգախոսը մշակելիս հաշվի առներ նաև այս կարևոր իրողությունը, ինչը, փաստացի, չի արել: Եվ ուրեմն՝ հարց. ինչո՞ւմն է բանը:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի նախընտրական կարգախոսն ամենևին էլ պատահականության սկզբունքով չէ, որ ընտրվել է. սրա նպատակը հասարակության շրջանում ջերմաստիճանի յուրատեսակ ստուգում անցկացնելն է՝ պարզելու այն կարևորագույն հարցը, թե Հայաստանի ժողովուրդը որքանով է պատրաստ արցախյան հարցում գնալու հնարավոր զիջումների կամ ինչ հասարակական ռեակցիա կարելի կլինի ակնկալել, եթե Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, ստիպված լինեն գնալու որոշակի քայլերի:

Դաշինքի քարոզարշավը, որի ընթացքում ժողովրդի հետ տեղի ունեցող հանդիպումները հիմնականում սկսվում ու ավարտվում են խաղաղասիրական կոչերով ու յուրատեսակ բացատրական ելույթներով, ինչպես, ասենք՝ նույն Թալին քաղաքի պարագայում, ընթանում է իշխանությունների հետ նախապես ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների շրջանակներում՝ ըստ նախապես մշակված ու լավ պլանավորված սցենարի. Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմից ղեկավարվող ուժի թիվ մեկ առաքելությունն այս ընտրություններին հասարակության շրջանում գերիշխող տրամադրությունների բացահայտումն է:

Թե ինչ տրամադրություններ են իշխում հասարակության ամենալայն շերտերում, և թե հատկապես որ քաղաքական ուժի կողմից առաջ քաշված գաղափարներն են առավելապես հոգեհարազատ ժողովրդին, իհարկե, ցույց կտան ընտրությունների արդյունքերը, բայց, որ որոշ ուժեր իրենց ուսերին առել են ամենևին էլ ոչ նախընտրական տրամաբանությունից բխող ֆունկցիաներ, ակնհայտ է. չերևացող ու շատ լուրջ գործընթացներ են ընթանում քաղաքական հետնաբեմերում, որոնց պետք է պատրաստ լինել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ