«Ինչպես տեսնում ենք, ոչ միայն հանրապետության այլ ընտրատարածքներում, այլ նաև թիվ 1 ընտրատարածքում, առաջադրվել են և՛ ընտրական փորձ ունեցող, և՛ երիտասարդության հետ մեծ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը՝ մատնացույց անելով իր կողքին կանգնած Հռիփսիմե Բոչոլյանին:

Նա նշեց, որ իրենք երբեք չեն վախեցել պայքարից և մինչև վերջ գնացել են. «Ես վստահ եմ՝ այս ընտրություններում մեր մրցակիցները և մենք հարգալից ենք լինելու միմյանց թիմերի նկատմամբ և հարգալից ենք լինելու մեր ընտրողների քվեի նկատմամբ: Որքան էլ նախկին ընտրությունները այս ընտրատարածքում երբեմն աչքի են ընկել իրենց ոչ այնքան ցանկալի դրսևորումներով, հույս ունենանք, որ մենք բոլորս կհասկանանք մեր ընտրողների քվեի նշանակությունը»:  

Լրագրողների հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը շեշտեց. «Մեր շարժիչ ուժը լինելու է երիտասարդությունը»:

Նշենք՝ այսօր՝ մարտի 10-ին, Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության շտաբից մեկնարկեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի թեկնածուների քարոզարշավը: