Վերջին մի քանի օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին հարաբերական հանգիստ է: Հակառակորդն ավելի քիչ է խախտում հրադադարի ռեժիմը, քան օրեր առաջ: Այսօր հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: 

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:

 

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ իրավիճակը գյուղում նորմալ է, կրակոցներ՝ վերջին օրերին, չկան. «Դիրքերի վրա կրակոցներ միշտ լինում են, բայց գյուղի ուղղությամբ՝ ոչ: Ընդհանուր առմամբ՝ հանգիստ է»: 

 

Թալիշ համայնքի ղեկավարը տեղեկացրեց՝ գյուղում շինարարական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են. «Հանդիսությունների շենքը կառուցում են, իսկ գյուղապետարանի շենքը՝ վերակառուցում»: Պետրոսյանի փոխանցմամբ՝ շինարարները, թալիշցի տղամարդիկ, տղաները մնում են գյուղում, սակայն՝ ոչ ընտանիքներով: 

 

Հայ-ադրբեջանական սահմանին ևս այս օրերին հարաբերական հանգստություն է, կրակոցները լինում են միջդիրքային, սահմանապահ գյուղերի ուղղությամբ հակառակորդը չի կրակում: 


Ի դեպ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և պլանավորում են մարտի 27-ին այցելել Հայաստան և Արցախ:


Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն ամբողջությամբ դատարկվեց։ Հակառակորդի ամենօրյա հրետակոծությունները գյուղը վերածեցին ավերակների։ Պատերազմի օրերին ադրբեջանական կողմն անգամ «սմերչ» տեսակի զենքից է կրակել գյուղի ուղղությամբ։ Բնակիչները մի կերպ են կարողացել փախչել։ Թալիշցիների մեծ մասն այսօր բնակություն է հաստատել Չարենցավան քաղաքում, իսկ մոտ 22 ընտանիք՝ Թալիշից հեռու գտնվող «Ալաշան» կոչվող ճամբարում։

Ապրիլյան պատերազմից մոտ մեկ տարի անց էլ Թալիշը գտնվում է գրեթե նույն վիճակում։ Տներն ավերված ու թալանված են, դպրոցը, որի վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտին էին մոտենում, ևս ավերված է։ Թալիշում միայն փթթում են թզի, նռան, խնձորի, տանձի ծառերը, որոնց բերքը թալիշցիները դեռևս, դժվար թե կարողանան հավաքել։


Տես նաև՝ Ավերված Թալիշ գյուղը՝ Ապրիլյան պատերազմից ամիսներ անց (լուսանկարներ, տեսանյութ)


Թալիշում անվտանգության երաշխիքներ չկան, վերաբնակեցում չի կատարվում․ գյուղապետ (տեսանյութ)


Ապրիլյան պատերազմից հետո դատարկված և ավիրված Թալիշ գյուղը փորձում են վերաբնակեցնել


Լուսանկարներն արվել են Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին


Քրիստինա Աղալարյան