Գործադիրն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում ընդունեց մերժել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ս. թ. փետրվարի 25-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը ներկայացրել է հրաժարական տալու վերաբերյալ դիմում: Արմավիրի քաղաքային համայնքի ավագանին այդ դիմումն ընդունել է ի գիտություն, կազմել արձանագրություն և ՀՀ Արմավիրի մարզպետի միջոցով այդ արձանագրությունը ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմավիրի քաղաքապետն ընտրվել է իր պաշտոնում 2011 թվականի մարտի 20-ին (դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման սահմանված ժամկետի կեսը), հետևաբար, ունի ստանձնած պարտավորություններ և ներգրավված է տարբեր համայնքային (և ոչ միայն) ծրագրերում, նպատակ ունենալով ապահովել համայնքի աշխատանքների բնականոն շարունակականությունը՝ աշխատանքային կարգով ճշտվել են դիմում ներկայացնելու դրդապատճառները, արդյունքները համադրվել են դիմումը ներկայացնելուց հետո քաղաքապետի կողմից արված հրապարակային հայտարարությունների հետ, ինչի արդյունքում եզրահանգվել է, որ հրաժարական տալու դրդապատճառները չեն թղթակցվում վերջինիս պաշտոնեական պարտականությունների և համայնքի ղեկավարի լիազորությունների հետ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարությունը Արմավիրի քաղաքապետի դիմումին հետագա ընթացք տալու հարցը գտնում է ոչ նպատակահարմար:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունված մեկ այլ որոշման համաձայն՝ Աշոտ Գիզիրյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: