Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը երեկ, ժամը 18:00-ի սահմաններում մեքենայով մտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տարածք, խանգարել աշխատակիցների աշխատանքը՝ չենթարկվելով անվտանգության աշխատակիցների պահանջներին, ապա արագ հեռացել է տարածքից:

Այս տեղեկությունը ոստիկանությունից  մեզ հետ զրույցում հաստատել էին, սակայն նշել՝ ընկերության տարածք մուտք գործող անձի ինքնությունն այս պահին անհայտ է:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանն ասաց, որ այդ միջադեպի հետ ինքը կապ չունի և այդ ժամանակ այլ վայրում է եղել.

«Ես ընդհանրապես կապ չունեմ այդ միջադեպի հետ: Իմաստը չեմ տեսնում՝ մարդ ինչի՞ պետք է գնար-մտներ այդ տարածք: Ես այդ ժամանակ հանքային ջրերի գործարանում եմ եղել, որից հետո եղել եմ քաղաքի մեջ, այդ ժամին հարյուր հոգի ինձ տեսել է քաղաքում: Չեմ հասկանում՝ իմաստը ո՞րն է, որ ասում են ոչ սթափ վիճակում է մտել այդ տարածք: Այդքան տեսախցիկ ունեն, թող բերեն-ապացուցեն, որ ես եմ եղել»:

Նշենք, որ Վահագն Արսենյանը «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրենն է: