Դատելով հատկապես Երևանում տեղի ունեցող իրադարձություններից, ինչու ոչ՝ նաև մարզերում օրըստօրե նորանոր երանգներ ընդունող որոշ գործընթացներից՝ 2017-ի ընտրությունները Հայաստանի նորանկախ քաղաքական պատմության էջերին հավերժանալու են բացառապես գորշ երանգներով. որոշ ռեյտինգայինների պահվածքն այս ընտրություններին բառացիորեն հիշեցնում է հազարամյակներ առաջ Հռոմի Կոլիզեումում ընթացող գլադիատորական մարտերի արյունաբու տեսարաններ, որոնք ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել ազատ ու, ինչպես ոմանք սիրում են շարունակաբար կրկնել, թափանցիկ ընտրությունների տրամաբանության սահմաններից ներս:


Թե ինչի հետ կարող է կապված լինել մարդակերության այս յուրատեսակ արշավը Հայաստանի քաղաքներով ու մարզերով, թե ինչով կարող է պայմանավորված լինել այսչափ մեծ ագրեսիան՝ որոշ վայ ռեյտինգայինների կողմից ցուցաբերվող, այնքան էլ դժվար չէ կռահել. այս ամենն ընդամենը պայմանավորված է նույն այդ վայ ռեյտինգայինների' շարքային ընտրողին առաջարկելու ոչինչ չունենալու իրողության հետ, գաղափարական բացարձակ սնանկությամբ ու, առհասարակ, սպառվածությամբ. ամենուրեք գործի է դրվում վաղուց իրեն սպառած անտիկ բարքերի մնացորդ դարձած բռնություն-փող-բռնություն արատավոր շղթան, ինչի արդյունքում վարկաբեկվում են ոչ միայն կամ նույնիսկ՝ ոչ այնքան նույն այդ «ռեյտինգային» կոչվածները, որքան խորհրդարանական ընտրություններն՝ առհասարակ:

 

Բավական է ընդամենը ուսումնասիրել վերջին իրադարձությունների քրոնիկոնը, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը. մի շարք մարզերում ու մայրաքաղաքում շարունակաբար գործադրվող տոտալ ահաբեկումները, կաշառատվությունները, վարչական ռեսուրսի անխնա ու բռի կիրառումը, այլևս կենցաղային մանրուք դարձած ծեծուջարդը, որոնց արդյունքում տուժում են ընդդիմադիր թևի ներկայացուցիչները' զորօրինակ՝ օրերս Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը, գալիս են ընդամենը մեկ բան ապացուցելու՝ ռեյտինգային ընտրակարգի ներմուծումը կատարյալ դավադրություն է դարձել ընդդեմ բոլորի՝ թե՛ հանրութան, թե՛ քաղաքական համակարգի, թե՛ ընտրական ողջ գործընթացի: Ի դեպ, վերջին դեպքի մասին. նմանատիպ իրադարձությունները հեշտ մոռացվողներից չեն, ու  ո՛չ  Կարապետյանը, ո՛չ էլ, առավել ևս, Գագիկ Ծառուկյանը՝ չեն պատրաստվում մոռացության մատնել տեղի ունեցածը…


Իսկ այս ամենը մի շատ բնական հարց է առաջ բերում՝ ասենք, ո՞րն էր իմաստը՝ ներդնելու մի համակարգ, որը բացի բռնությունից, կաշառատվությունից, ահաբեկումներից, արյունահեղությունից ու էլի նմանատիպ անմարդկային երևույթներից, ուրիշ ոչինչ չտվեց ու, վստահաբար, չի էլ տալու Հայաստանին. այս ամենի արդյունքում ընդամենն ականատես ենք դառնում համընդհանուր խայտառակության, որին ոչ մի արդարացում որևիցե պարագայում չի կարող լինել:


Հետո էլ ոմանք նույն այդ վայ ռեյտինգայններից, իրենց հանրային հանդիպումներում, միտինգներում կամ չգիտես էլ ինչերում քաղաքակրթվածության դիմակը երեսներին, պես-պես ելույթներ են ունենում, խոստումներ հնչեցնում, պայծառ ու անզուգական ապագա խոստանում նրանց, որոնց դեմ իրականում օրնիբուն նպատակամիտված գործողություններ են իրականացնում. անկասկած, այն ամենն, ինչ տեղի է ունենում ներկայում, այս ողջ խայտառակությունը ուղղված է ընդդեմ հասարակության, ընդդեմ հանրության կոլեկտիվ շահերի ու ընդդեմ հայոց պետականության: Փոխարենը բեմահարթակներից քաղաքական բաժակաճառեր հնչեցնելու՝ վատ չէր լինի, եթե գոնե մի պահ իրենք իրենց հաշիվ տային, սաստեին ինք զինքն ու գիտակցեին' մարդ ծեծելով՝ քաղաքական բարձունքների անհնար է հասնել:

 

Չնայած՝ ինչի՞ մասին ենք խոսում. լավ էլ ծեծում են ու լավ էլ բարձունքների հասնում…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ