Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը կրկին չկայացավ քվորում չլինելու պատճառով: Մարտի 22-ին ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 15 պատգամավոր:

 

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն' եթե քվորում չի ապահովվում, գրանցումը պետք է շարունակվի մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան երեք ժամ: Նա հույս էր հայտնել, որ բազմազբաղ պատգամավորները երեք ժամվա ընթացքում կավարտեն իրենց գործերը և կվերադառնան Ազգային ժողովի նիստերի դահլիճ:

 

Երեք ժամ անց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, որ երեքժամյա գրանցում իրականացնելու ընթացքում քվորում չի ապահովվել, ուստի այսօրվա նիստը ևս չի կայանա: «Կհանդիպենք վաղը առավոտյան, ժամը 12:00-ին»,- եզրափակեց Շարմազանովը:

 

Ազգային ժողովի հերթական քառօրյայի նախորդ երկու նիստերը ևս չեն կայացել քվորում չլինելու պատճառով: Խորհրդարանի աշխատանքները սկսելու համար քվորում չապահովելու հիմնական պատճառը մարտի 5-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավն է: