Մինչ վերջին շաբաթներին հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադաձություններին, արտաքին ճակատում բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Ու չնայած կարող է թվալ, թե այդ զարգացումները հիմնականում մեր երկրի համար ավելի շատ դրական են, քան՝ բացասական, փաստ է, սակայն, որ ամեն բան այնքան էլ այդպես չէ:

Մասնավորապես՝ պարզվում է՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին օրերս առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես նշում են որոշ վելուծաբաններ, մեծ է հավանականությունը, որ հենց ադրբեջանցի թեկնածուն կհռչակվի՝ այդ կարևորագույն կառույցի հաջորդ քարտուղար:

Այն, որ Բյուլբյուլօղլու հնարավոր հաղթանակն իսկական աղետ կարող է դառնալ Հայաստանի գլխին, ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կարևորագույն միջազգային կառույցը կարճ ժամանակ անց կարող է վերածվել հակահայկականության յուրատեսակ օջախի, քչերը, թերևս, կարող են այսօր կասկածի տակ առնել: Սա չափազանց վտանգավոր կարող է լինել մեր երկրի համար, քանզի Փոլադ Բյուլբյուլօղլին բազմիցս է ապացուցել, որ լիարժեքորեն սատարում է Ալիևի հայատյաց քաղաքականությունը և ոչնչի առաջ կանգ չի առնում՝ հայության դեմ դավեր նյութելու համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կվերածվի թիվ մեկ հակահայ կառույցի ու կարող է էականորեն թուլացնել, վարկաբեկել Հայաստանը միջազգային կարևոր հարթակներում:

Ընդ որում՝ սրա հաղթանակը յուրատեսակ աղետ կդառնա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, քանի որ այդ կազմակերպությունն, ի դեմս Փոլադ Բյուլբյուլօղլու, ունենալու է մշակութային ցեղասպանությանը սատարող, հակամարդկային արժեքներով առաջնորդվող մի քարտուղար. հայտնի իրողություն է այն, որ մինչև Մոսկվայում Ադրբեջանի դեսպան նշանակվելը այս հակահայ գործիչը, հանդիսանալով Ադրբեջանի մշակույթի նախարար, առանցքային դերակատարություն է ունեցել Ադրբեջանում, Արցախում և Նախիջևանում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործում: Իսկ արդեն Մոսկվայում նա չի դադարել հայատյաց քաղաքակություն վարել, ինչը, ի դեպ, ինչպես նկատել են մի շարք դիվանագետներ, ոչ մի կերպ չի տեղավորվում դիվանագիտական տարրական էթիկայի սահմաններում:

Ասել կուզի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես միջազգային կարևոր հարթակի հեղինակությունն այժմ շատ մեծ հարցականի տակ է հայտնվել:

Հետևաբար՝ այսօր հայ դիվանագիտության համար մեկ խնդիրներից մեկն էլ պետք է դառնա Բյուլբյուլօղլուն հնարավորությունից զրկելը. հայկական կողմն իր բոլոր դիվանագիտական խողովակներով պարտավոր է կանխել վերահաս աղետն ու թույլ չտալ այդ տմարդի գործչին՝ ինքնառեալիզացվելու ի հաշիվ հայության: Նախևառաջ ՀՀ արտգործնախարարությունը, որը, ցավոք, նմանատիպ դեպքերում, ինչպես կյանքն է ապացուցում, այնքան էլ ակտիվորեն իրեն չի դրսևորում, պետք է ակտիվանա, ու մեր դիվանագետները, բայց հատկապես ՌԴ-ում նորանշանակ մեր դեսպանը պետք է իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ ազերու թեկնածության: Սա այն դեպքն է, երբ համեստություն անելն ու իբր ճղճղան ազերիների ֆոնին վեհ երևալու փորձերը կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի համար:

Կարձագանքի՞, արդյոք, Նալբանյանն այս ամենին, իհարկե, ցույց կտա առաջիկան, բայց որ սպասելու ժամանակ նա քիչ ունի,անհերքելի է. ազերիները լուրջ են տրամադրված:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ