«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում պատգամավորության թեկնածու է առաջադրվել Նորա Առուստամյանը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է պատգամավորի թեկնածուի հետ.
Նորա, չնայած Ձեր երիտասարդ տարիքին, Դուք մեծ փորձառություն ունեք քաղաքական դաշտում, որտեղի՞ց և ինչպե՞ս է սկիզբ առել Ձեր քաղաքական գործունեությունը, մանրամասնե՛ք, խնդրում եմ:
Ուսանելով ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումնական պրակտիկան անցել եմ ԱԺ-ում, որն էլ իմ համար եղավ ճակատագրական: Հենց պրակտիկայի ժամանակ եմ նկատվել իմ ակտիվությամբ ու պատրաստվածությամբ, որն էլ, թերևս, առիթ հանդիսացավ, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկ եղավ՝ աշխատել որպես իր օգնական:
Օգնական աշխատելու տարիներն ինձ համար եղան քաղաքականության ձևավորման և ռազմավարության իրականացման պրակտիկ փորձ, իսկ կայացած քաղաքական գործիչների հետ առօրյա շփումներն ու ներքին խոհանոցին տեղեկացված լինելը կրկնապատկեցին իմ փորձառությունը:
Այս շրջանում հայաստանյան կուսակցություններում հատկապես կարևորվում է սերնդափոխության գաղափարը, Դուք էլ, որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ներգրավված եք այդ պրոցեսներում: Ի՞նչ եք կարծում, այդքան պատասխանատու գործ, ինչպիսին պատգամավոր լինելն է, երիտասարդ գործիչներին վստահելն ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել:
Ինձ շատ են հարցնում՝ երիտասարդ եք, փորձառութուն չունեք, ինչպե՞ս եք ԱԺ-ում հարցեր լուծելու: Ես ունեմ իմ պատասխանը՝ ես ՀՀ տարեկիցն եմ, մեր ծնողներն այն ժամանակվա երիտասարդներն էին և կարողացան ստեղծել անկախ ու ազատ հայրենիք: Դրանից հետո հայրենիքիս ճակատագիրը հանձնվեց փորձառուներին, ու որտե՞ղ ենք մենք հիմա:
Մեր իրականության մեջ երիտասարդության ավյունն ու եռանդն է, որ հանուն նոր գաղափարի՝ կարողանում է միասնական դառնալ և ցանկացած հարցի՝ տալ կառուցողական լուծում:
Ես այդ երիտասարդներից մեկն եմ ու լինելով նաև կին՝ գիտակցելով եմ մտել պայքարի մեջ, և այսօրվա հոգսը պատրաստ եմ սեփական պատասխանատվությամբ կրել:
Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրագործել: Որո՞նք են անհապաղ լուծման կարիք ունեցող առաջնահերթ և կարևորագույն խնդիրները՝ ըստ Ձեզ:
Ցավոք, վարկանիշային թեկնածուներն այսօր ներկայանում են առանձին ծրագրերով, հատկապես «փորձառու» և «լեգենդար» պատգամավորները: Մենք կոչված ենք մեր դաշինքի կամ կուսակցության ծրագրերն իրականացնելու, այլ ոչ թե սեփական նախաձեռնությունները ներկայացնելու: Դա վաղուց էր, երբ կար մեծամասնական ընտրակարգ: Մեր ընտրողներն էլ են հաճախ խառնում, թե ում, և որ կուսակցությանը կամ դաշինքին են քվե տալու:
Նախընտրական այս թոհուբոհի մեջ սա շատ լավ խայծ է` նավից նավ տեղափոխվողների համար:
Ես լինելու եմ «Ծառուկյան» դաշինքի ծրագրերի իրականացնողներից մեկն ու կրողը, ինչու ոչ` նաև պատասխանատուն:
«Ծառուկյան» դաշինքում ընդգրկված են նոր և թարմ մտածելակերպով, արդիական գաղափարներով օժտված թեկնածուներ: Ձեր մուտքով խորհրդարանն ի՞նչ ձեռք կբերի:
Զսպվածություն, մոտիվացիա, կառուցողական մտածելակերպ և թիմային աշխատանքի նոր ոճ:
Ինչպե՞ս կգնահատեք Ձեր հնարավորությունները՝ պատգամավորության թեկնածուների միջև մրցապայքարում:
Իմ` երիտասարդ կին լինելն արդեն առավելություն է, իմ մաքուր կենսագրությունը, քաղաքակիրթ նախընտրական քարոզչությունն արդեն առավելություն են: Մնացածն արդեն ընտրողների որոշման արդյունք է լինելու:
Մեր մարզի ընտրապայքարի առկա ձևաչափերի մասին բազմիցս մամուլով և համացանցով ներկայացվել է: Մեր թիմը չի ընդունում ամբոխախավությունն ու փողոցային մտածելակերպը: Մերը քաղաքակիրթ մոտեցումն է:
Ովքե՞ր են Ձեր հիմնական աջակիցները, ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր քարոզարշավը:
Ես մենակ չեմ, ես ունեմ թիմ, որի անդամները դաշինքի դրույթների կրողներն են ու երիտասարդությանը հավատացողներն են: Քարոզարշավը կազմակերպվում է հնարավոր բոլոր տարբերակներով՝ համացանցից մինչև թաղային հանդիպումներն ու անակնկալ հրավերները:
Մեր թիմի անունից վստահաբար հայտարարում եմ՝ սև քարոզչությունը մեր գործելակերպը չէ: Դրանով թող զբաղվեն նրանք, ովքեր ունեն դրա կարիքը: Վերջապես սա այն պահն է, որ ուրիշին սևացնելով` քվեներ չես կարող ստանալ: Մեր հասարակությունն արդեն հիանալի տիրապետում է քաղաքական պայքարի սև և սպիտակ տեխնոլոգիաներին: Իսկ իմ թիմի ռազմավարությունը մեկն է՝ լինել անկեղծ, հասանելի և ազնիվ: Ես հանդիպումներ եմ ունենալու մարզի գրեթե բոլոր համայնքներում՝ գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է: Փորձելու եմ ինքս ներկայացնել այն, ինչ անելու ենք մենք: Մենք առաջնորդվում ենք թիմային աշխատանքի սկզբունքով:
Հետևեք ֆեյսբուքյան իմ էջին, որն իմ քարոզարշավի հայելին է:
Եվ վերջում, ասացեք խնդրեմ երեք պատճառ՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է իր քվեն տա Ձեզ:
Ընտրություններից հետո ես բացելու եմ մարզային գրասենյակ Աշտարակ քաղաքում, որտեղ կշարունակենք լսել և քննարկել մարզի բնակիչներին հուզող հարցերն ու խնդիրները: Այսինքն, ընտրություններից հետո մարդկանց համար առավել հեշտ է լինելու իրենց ձայնը լսելի դարձնել ԱԺ-ում՝ հենց իմ միջոցով:
Առկա թեկնածուներից հաղթողի ֆավորիտներն արդեն մի քանի անգամ եղել են ԱԺ-ում և ինչպես տեսնում ենք, մարզում ոչինչ չի փոխվել դեպի լավը, այսինքն՝ ժամանակն է տեղը զիջելու երիտասարդությանը, ով պատրաստ է եռանդով ու համառությամբ կատարել ստանձնած գործը:
Եվ երրորդ, այն մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, իմ կողքին կանգած են հենց իմ համառ և պայքարող բնավորության համար և գիտեն, որ այն, ինչ ասվում է իմ և իմ ներկայացրած դաշինքի ղեկավարի կողմից, անպայման իրականություն է դառնում: Այսինքն, քաղաքացին իր քվեն տալով ինձ, կարող է վստահ լինել, որ առաջիկա տարիների ընթացքում երբեք իրեն խաբված չի զգալու: