Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016թ. ապրիլյան բախումները մոտիվացրեցին մի խումբ երիտասարդ կանանց ու աղջիկների մարտահրավեր նետել ավանդական գենդերային դերակատարությանն ու զենքը ձեռքը վերցնել: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը, որը հոդված է հրապարակել «Այս լուսանկարները ցույց են տալիս տասնամյակների պատմություն ունեցող հ ակամարտության առաջին կին մարտիկներին» խորագրով:

Հոդվածում ներկայացված են լուսանկարիչ Լենա Մուչայի գործերը, ով այցելել է Հայաստան, ռազմական ինստիտուտներում ծանոթացել ու լուսանկարել է ռազմական գործով հետաքրքրված հայուհիների հետ:

«Նրանք կարծրատիպեր կոտրողներ են, առերեսվում են շատ պահպանողականների դիմադրությանը, քանի որ որոշել են անել կարիերա, որտեղ կանայք դեռևս ընդունված չեն»,- պատմում է լուսանկարիչը: Նա նշում է, որ 2014 թվականին 23 կին նորակոչիկներ մուտք են գործել ռազմական ակադեմիա: Արդեն մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում նրանք առաջին անգամ միացել են ռազմական բարձրագույն դպրոցին:

Մուչան այցելել է երկու ինստիտուտներ ու արձանագրել, որ դեռևս կա մեծ դիմադրություն կանանց մասնակցության կապակցությամբ: Երևանի ռազմական ակադեմիայում ֆիզիկական ինստրուկտորներից մեկը լուսանկարչին ասել է. «Կանայք չպետք է լինեն բանակում, սա նրանց տեղը չէ: Նրանք ուղղակի նման չեն տղամարդկանց»:

«Երբ ես լուսանկարում էի այս աղջիկներին և ժամանակ էի անցկացնում նրանց հետ, ես նրանց ճանաչեցի որպես նորմալ երիտասարդ կանայք, ովքեր ունեն այնպիսի զբաղմունքներ, մտքեր, երազանքներ, ինչպես ողջ աշխարհի երիտասարդ կանայք կարող են ունենալ»,- նշում է Մուչան: Լուսանկարիչը փաստում է, որ նրանց փորձառությունը յուրահատուկ կապ է առաջացրել միմյանց միջև: «Նրանք ավելին են, քան պարզապես ուսանողները, նրանք ընտանիք են»,- ընդգծում է նա: