«Միր ԱՊՀ» միջպետական հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ավելի ակտիվ ներդրում ունենալ միջազգային ահաբեկչությանն, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում պրոֆեսոր  Լևոն Շիրինյանն, անդրադառնալով Նախագահի վերը նշված դիտարկմանը, նշեց, որ Նախագահի այս ցանկությունն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում. «Ես կարծում եմ՝ դա վտանգավոր է: Եթե մենք հայտարարենք, որ պայքարում ենք ԴԱԻՇ-ի դեմ, նրանք մեր տեղը կիմանան և կսկսեն կանխարգելիչ գործողությունների դիմել: Մյուս կողմից՝ Հայաստանը որտե՜ղ, Ռուսաստանը որտե՜ղ, ԴԱԻՇ-ը որտե՜ղ: Պետք չէ Ռուսաստանի հետ գնալ նման համագործակցության, որովհետև Ռուաստանի հետ նման համագործակցությունը մեզ վնաս բերելուց բացի շատ վատ կընդունվի նաև ընկեր Թրամփի կողմից: Մյուս կողմից՝ մենք այդ տարածքներում՝ Մերձավոր Արևելքում, ունենք ահռելի՝ միլիոնավոր թվով հայեր: Արաբական աշխարհը տրոհված է, եթե ՌԴ-ի համար ԴԱԻՇ-ը թշնամին է, ամերիացիների համար նրանք այդպիսին չեն, ուստի, նման քայլը տեղի հայերի համար մեծ խնդիրներ կառաջացնեն: Այստեղ տեղին է մի հռետորական հարց հնչեցնել, իսկ այսօրվա ադրբեջանցիները ԴԱԻՇ չե՞ն: Մեզ համար ԴԱԻՇ է և դրանից էլ ավելին, ռուսները մեզ նրանց դեմ պայքարելու հարցում ինչո՞վ են օգնում: Պնդում եմ՝ ներկայիս ադրբեջանցիները ԴԱԻՇ-ի ամենաայլանդակ տեսակն են»: 


Նախագահն իր խոսքում նշել էր, որ Ռուսաստանը մեծ ներդրում ունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, և մենք պետք է կրենք այդ պատասխանատվությունը և այդ ջանքերի մի մասը կիսենք: Արդյոք սա Ռուսաստանի կողմից պարտադրված քայլ չէ՞ հայերիս համար:

 

«Ռուսների հետ գործի մեջ ներքաշվելը շատ, 100 տոկոսանոց վտանգ է տեղի հայության համար: Մյուս կողմից՝ Հայաստանի ուժն ի՞նչ է որ,  ի՞նչ ներուժ ունի, որ պայքարի նրանց դեմ: Մի պահ պատկերացրեք ԴԱԻՇ-ի զինվորների դեմքը, երբ նրանք իմանան, որ իրենց դեմ պայքարին միացել են նաև հայերը»: 


Պրոֆեսոր Շիրինյանը նշում է, որ թեև չգիտի, թե նախագահն ինչ է ի նկատի ունեցել՝ նման պատրաստակամություն հայտնելով, բայց վստահ է, որ ռուսները մեզ նման բան պարտադրելով՝ փորձում են ոչնչացնել այն, ինչ մեզանից մնացել է: «Ռուսները մեզանից պահանջում են միանալ և իրենց հետ պայքարել իսլամիստների դեմ, բայց այն ժամանակ, երբ մեր դեմ նույն այդ աղվաններն էին կռվում Արցախում, նրանց արգելեցի՞ն, ետ պահեցի՞ն, իհա՛րկե ոչ: Եթե ռուսները խոստանում են, որ մեր այդ աջակցության փոխարեն մեզ կօգնեն վերադարձնել Էրզրումը, արժե գոնե գնալ նման համագործակցության, եթե ոչ՝ որևէ  պարագայում չարժե դիմել նման քայլի»:


Աղավնի Սուքիասյան