Մենք ունեցանք շատ վատ քարոզարշավ՝ սև քարոզչություն, բռնարարքներ, դանակահարություն, ատրճանակի կրակոց, ապա՝ ավտոմատի կրակոց։
Այս մասին Ազատության հրապարակում ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարեց ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը։ «Մեր քարոզարշավի մասնակիցներին տարբեր վայրերում թույլ չէին տալիս իրականացնել քարոզչություն, խոչընդոտում էին։
Քարոզարշավի ընթացքում մահացավ մեր շատ պայծառ քաղաքացիներից մեկը, ով մաքուր էր ջրի պես, ով ջինջ էր երկնքի պես։ Նրա հանդեպ իշխանություններն անցան ապօրինությունների սահմանը»,- ասաց Մարտիրոսյանը և ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությմաբ հարգել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը։
Նրա խոսքով՝ իրենք հավաքվել են, որպեսզի քաղաքացիներին ներկայացնեն այլընտրանք՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Մարտիրոսյանը վստահեցրեց՝ Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն. «Հանրապետականը պետք է հեռանա»։ Նրա այս ելույթին հաջորդեց հավաքվածների ծափողջյունները։
Ի դեպ՝ Մարտիրոսյանի ելույթի ժամանակ գյումրեցիները մեծ խմբով՝ Հաղթանա՜կ բացականչություններով, մտան Ազատության հրապարակ։
Արմեն Մարտիրոսյանը Սամվել Բաբայանին որակեց որպես քաղաքական բանտարկյալ և պահանջեց բոլոր քաղբանտարկյալների հրաժարականը։ «Առաջին քայլը, որ մենք անելու ենք բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն է, այդ թվում՝ Սասնա ծռերի, իսկ զոհված երկու ոստիկանի գործով խոստանում ենք արդար դատավճիռ։ Մեր հաջորդ քայլը կլինի համապարփակ համաներումը, երկրում պետք է առողջ մթնոլորտ լինի»,- ասաց նա։