««Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն այն քաղաքական ուժն է, որը պայքարում է Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականության դեմ: Դա գիտակցում է նաև Առաջին նախագահն, ով իր հրապարակային ելույթներում չի թաքցնում այն թույնը, որն ունի մեր նկատմամբ: Սա, կարծում եմ՝ ազգայինի և ապազգայինի շարունակվող պայքարն է: Եվ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ մերժեցին Առաջին նախագահի պարտվողական պահվածքը, դա կանեն նաև երկրորդ անգամ»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայ հեղափոխական դաշնակցության» գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: 

 

Ըստ նախարարի՝ տեղին չեն առաջին նախագահի պնդումներն այն մասին, թե գնալով հանրության մեջ  ավելի է շատանում իր առաջարկած խաղաղության ծրագրի հետևորդների թիվը: «Մեր ժողովուրդը, մեր քաղաքացին այնքան արյուն է թափել այդ հողում, որ դավաճանական կորակվի ցանկացած նախագիծ, որը մեզ կպարտադրի գլուխ խոնարհել և ռազմի դաշտում ձեռք բերածը տալ: Նման կերպ խաղաղություն  մուրալ չի՛ կարելի: Եթե որոշ մարդկանց թվում է,  որ իրենց կարծիքով ճշմարտությունն են բացահայտում, ապա սխալվում են. դա ճշմարտություն չէ: Համոզված եմ՝  մեր երկրի զարգացման բանալին մեր ձեռքում է, իսկ բանալու՝ ճիշտ տարբերակով օգտագործումը կարող է լինել այն, որ մենք զարգանանք՝ ի հեճուկս մեր թշնամիների»

 

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս տարիներն ապացուցում են մի բան, որ ՀՀ առաջին նախագահը երբեք չի շեղվել իր ուղուց և հասարակությանը փորձում է իր այն մտեցումները հրամցնել, ինչի համար ժամանակին հեռացվեց իշխանությունից: «Մեր ժողովուրդը վերահաստատել է, որ Արցախը Հայաստանի մասն է և որևէ ձևով այն դիտարկել Ադրբեջանի մաս՝ մերժելի է: Այժմ այս փաստը փորձում են պնդել կամ հերքել:  Պնդումը կատարվում է Առաջին նախագահի կողմից,  ով գտնում է, որ առանց զիջելու՝ զարգացում հնարավոր չէ, հակադարձումը՝ մեր կողմից, ըստ որի՝ չզիջելով՝ պետք է գնանք զարգացման»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրն ընդամենը, քողարկում է այն խնդիրը, որի համար ինքը հեռացվեց պաշտոնից: 

 

Աղավնի Սուքիասյան