Զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը գնալով վատանում է: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակն անընդհատ վատանում է: «Մենք արդեն հոգնել ենք այդ մասին խոսելուց: Եթե այն ժամանակ մենք պայքարում էինք, որպեսզի պարոն Շիրխանյանի առողջական վիճակը ավելի չվատանա, ապա այսօր պայքարում ենք նրա կյանքը փրկելու համար»,- ահազանգում է Ալումյանը: 

 

Նրա խոսքով՝ Վ. Շիրխանյանը քրեակատարողական հիմնարկում բուժում չի ստանում, այդ իսկ պատճառով առողջական վիճակն ավելի է վատացել: «Նա բուժում չի ստանում: Նրան 4 դեղ էին նշանակել Էրեբունի ԲԿ-ից դուրս գրելու ժամանակ, որից 2-ն ընդհանրապես չէին տալիս, 3-րդ դեղը բարեկամներն ու ազգականներն են տարել, որը վերջացել էր, իսկ մյուս դեղը ինչ-որ ճնշման դեղ է եղել, որ ստացել է, բայց դրա կարիքն առանձնապես չի ունեցել»,-ասաց փաստաբանը: 

 

Ալումյանի փոխանցմամբ՝ Շիրխանյանը պետք է գտնվեր 4 տարբեր պրոֆիլների բժիշկների հսկողության տակ, սակայն այդ բժիշկներից ոչ մեկը չէր եկել նրան տեսակցության. «Սկսեցինք բողոքել, նոր՝ ձևական եկան հիվանդանոց»: 

 

Մեր հարցին՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, Ալումյանը դրական պատասխան տվեց: «Այո՛: Ես արդեն գալիս եմ այն եզրակացության, որ նպատակ կա այնպես անել, որ Վահան Շիրխանյանը հնարավորին չափ... չեմ ուզում բառեր կիրառել, ինչ-որ մեկին մեղադրել սպանության նախապատրաստման մեջ, բայց երբ մարդիկ տեսնում են, որ այս ամենի վերջը մահն է ու ոչինչ չեն ձեռնարկում, չեմ կարողանում հասկանալ՝ ուրիշ ինչ կերպ կարելի է որակել նրանց գործողությունները»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

 

Հայկ Ալումյանը հատուկ շեշտեց՝ Վահան Շիրխանյանին հիվանդանոցից դուրս գրելուց հետո տեղափոխել են ՔԿՀ-ի ամենավատ ու խոնավ խուցը: «Ճիշտ է, մնացած խցերն էլ մի բան չեն, բայց ընտրել են ամենավատ ու խոնավ խուցը: Ինչո՞ւ են արել նման բան: Այնտեղ առողջ մարդը մի քանի օրում հիվանդություններ կստանա: Ինչո՞ւ են տարել այդ խուցը, եթե նրանց նպատակը Շիրխանյանին սպանելը չէ կամ եթե իրենք այդպիսի ցուցում չունեն: Ինչո՞ւ են այդ մարդուն այդքան ծանր վիճակում տեղափոխել կոնկրետ այդ խուցը»,-բավական վրդովված ներկայացրեց փաստաբանը: Նրա բարձրացրած այս հարցերին ՔԿՀ-ից կամ այլ համապատասխան կառույցից որևէ պատասխան չեն տվել: 

 

«Ես բողոքներ եմ գրել, չեն պատասխանում: Եթե իրենց նպատակը սպանելը չէ, ինչո՞ւ են նման բաներ անում: Ես ուզում եմ այդ հարցի տրամաբանական պատասխանը ստանալ, ոչ թե կիսատ-պռատ, ոչինչ չասող պատասխաններ»,- հարցադրում արեց Ալումյանը: 

 

Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, պաշտպանը պատասխանեց, որ բողոքներ են ուղարկում տարբեր տեղեր, ներկայացնում իրավիճակը: «Ի՞նչ անենք: Ինքնահրկիզմա՞ն դիմեմ, հացադո՞ւլ հայտարարեմ, չեմ հասկանում: Մենք բողոքներ ենք գրում, հիմնավորված միջնորդություններ ենք ներկայացնում, փաստաթղթեր ենք պահանջում, որոնք մեզ չեն տրամադրվում: Եվրոպական դատարան, գիտեք՝ արդեն դիմել են փաստաբանները: Այստեղից էլ ես իրենց անընդհատ տեղեկատվություն եմ տալիս, թե ինչ վիճակ է»,- եզրափակեց իր խոսքը Շիրխանյանի փաստաբանը: 

 

Նշենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ: 

 

Ի դեպ՝ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» դեպքը, կարծես թե կրկնվում է, քանի որ վերջինս նույնպես գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին: Իրավապահ համակարգի, միգուցե, դիտավորյալ անուշադրության հետևանքը եղավ այն, որ «Հաց բերողը» հիվանդանոցում, ուշացած վիրահատությունից հետո՝ մահացավ:


Քրիստինա Աղալարյան