Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման եւ կողմնակի անձի՝ նախկին նախագահի ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով, տեղեկացնում է «Ռյունհապ» գործակալությունը:

 

«Դատարանն ընդունեց նրան ձերբակալելու անհրաժեշտությունը, քանի որ բավարար հիմքեր կան մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչպես նաեւ երկյուղներ, որ հանցանշանները կարող են ոչնչացվել»,- հայտարարել է դատավորը:

 

Գործակալության տվյալներով՝ կալանագիրը վավերական կլինի դրա ուժի մեջ մտնելուց հետո 20 օրվա ընթացքում: Սպասվում է, որ պետական մեղադրողները Պակ Կըն Հեին պաշտոնական մեղադրանքներ կառաջադրեն մինչեւ այդ ժամկետի ավարտվելը:
Դատավճռի հրապարակումից հետո նախկին նախագահին կենտրոնական դատախազությունից տեղափոխել են Սեուլի հարավում գտնվող պատժական հիմնարկություն, որտեղ արդեն գտնվում են կոռուպցիոն սկանդալի հանգուցային դեմքերը, այդ թվում՝ Չխվե Սուն Սիլը:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Պակ Կըն Հեից բացի, մեղադրանքներ են առաջադրվել 30 մարդու, ներառյալ Samsung կորպորացիայի փաստական ղեկավար Լի Չժե Յոնը:

 

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:

 

Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: