Ազգային վիճակագրական ծառայությունը, որ մեր երկրում համարվում է պաշտոնական ցուցանիշներ հրապարակող թիվ մեկ կառույցը, կրկին հրապարակել է թվեր, որոնք մոտավոր պատկերացում են տալիս երկրի տնտեսությունում ստեղծված վիճակի մասին: Ներկայացված վիճակագրությունից, մասնավորապես, պարզ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունում առկա միտումներն ընդամենը մեկ բանի մասին են վկայում. եթե մեզ չհաջողվի արմատական փոփոխությունների գնալ, եթե մեզ չհաջողվի խաղի ընդհանուր կանոնների վերասահմանում կատարել, Հայաստանի տնտեսությունը տառացիորեն մի քանի տարի հետո, եթե ոչ ավելի շուտ, կանգնելու է կատարյալ կոլապսի եզրին. վերածվելու ենք կապիտալ արտահանող պետության մի պարագայում, երբ կապիտալ, խոշոր հաշվով, չունենք:


ԱՎԾ տվյալներից, մասնավորապես, պարզ է դառնում, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր երկիր Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական' մինուս 52 միլիարդ դրամ, ինչը նշանակում է' Հայաստանից ավելի քան 100 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան օտարերկրկրյա ներդրումների հոսքին, ապա այս հարցում իրավիճակն առավել քան տխուր է. եթե 2015-ին համապատասխան ցուցանիշը մոտ 120 մլրդ դրամ էր կազմել, ապա 2016-ին՝ մոտ 80 մլրդ: Ընդ որում' մոտ 40 միլիարդից ավելին ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտին:


Ցանկացած նորմալ մարդու մոտ կարող է բնական հարց առաջանալ' ինչի՞ արդյունք են այս տխուր ու, ըստ էության, Հայաստանի տնտեսության մոտալուտ կործանման մասին գուժող ցուցանիշները: Ընդ որում' չի կարելի բացառել, որ իրական պատկերը շատ ավելի տխուր է, քան ԱՎԾ-ն է ներկայացնում' հաշվի առնելով իրավիճակի նրբությունը:

 

Իսկ հարցի պատասխանը շատ պարզ է. մեզ ոչ միայն այդպես էլ անհասանելի է մնում երկրում վստահության մթնոլորտի ձևավորումը, ներդրումային միջավայրի բարելավումն, այլև անում ենք ամեն ինչ, որպեսզի նույնիսկ ներքին ներդրումներ չկատարվեն երկրում. պայմաններ չկան ոչ միայն արտաքին ներդրողների համար, այլև, որ ավելի վատ է՝ ներքին. Հայաստանի քաղաքացիները հասկանում են, որ իրենց երկրի տնտեսության կառուցվածքն ու գործող խաղի կանոնները չեն կարող թույլ տալ իրենց' ակնկալելու շահույթ՝ հիմնած բիզնեսից: Սրա պատճառներն ավելի շատ սուբյեկտիվ են, քան օբյեկտիվ, ու միայն բանկերի սահմանած տոկոսադրույքների անբնական չափերը բավական են, որպեսզի անհատ ձեռներեցը ոչ միայն խուսափի ունեցած բիզնեսն ընդլայնելուց, այլևառհասարակ հրաժեշտ տա նոր բիզնես հիմնելու մտքին (վարկերի գերբարձր տոկոսադրույքների խնդիրը եղած պրոբլեմների չնչին մասն է միայն):


Բայց իրավիճակի լրջությունն առավել ընկալելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ հաշվի ես առնում նաև այն, թե ինչպես է Հայաստանը տարեցտարի պետական պարտք կուտակում' լինի արտաքին, թե ներքին: Զավեշտը հասել է այն աստիճանի, որ ստիպված նոր պարտք ենք վերցնում' հին պարտքը փակելու համար, ու այս փակուղային պրոցեսը ոմանց կողմից ընկալվում է շատ բնական. չեն էլ ասում' բա վե՞րջը…


Ցավոք, Հայաստանի տնտեսությունը եկել-հասել է մի եզրագծի, որից անդին՝ ուղղակի չգոյությունն է, դեֆոլտն ու կործանումը. թե երբ աղետը վրա կհասնի, մի փոքր դժվար է ասել, բայց, որ այն սարերի հետևում չէ, ակնհայտ է:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ