«Ազատության» լրագրողի վրա հարձակում գործած մարդկանց մեղավորությունը եւ նրանց պատիժը պետք է որոշի դատարանը: Իսկ մինչեւ դատարանի համապատասխան վճիռը մարդիկ համարվում են անմեղ: Այս մասին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում ապրիլի 2–ին ճեպազրույցի ժամանակ ասել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով թիվ 4 ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում տեղի ունեցած միջադեպին:
Լրագրողների հարցին, թե ինչ պատիժ է սպասում լրագրողի վրա հարձակում գործած մարդկանց, Աշոտյանը պատասխանել է, որ պատժել պետք է մեղավորներին, իսկ մեղքը պետք է ապացուցվի օրենքով, եւ այդ գործառույթը պետք է ստանձնի պետության ներսում դրա համար պատասխանատու պատկան մարմինը: Իսկ մինչեւ դատարանի վճիռը մարդիկ համարվում են անմեղ:
Հանրապետական կուսակցությունը, Աշոտյանի խոսքով, իրեն չի վերապահում պետական ատյանի լիազորություն, որպեսզի պատժիչ գործողություններ իրականացնի այս կամ այն անձանց նկատմամբ: Իսկ քաղաքական առումով գնահատականներ կարող են հնչել, եթե իրավական գնահատականներ տալու փուլը ավարտվի, հավելեց նա:
«Կարծում եմ, դատախազության եւ ոստիկանության հայտարարությունները լավագույն ապացույցն են, որ նման ահազանգերը չեն կոծկվում, ծածկադմփոց չեն արվում, տրվում է ընթացք: Դրանք ուսումնասիրվելու են, եւ վստահ եմ, որ լինելու է նաեւ հետագա գործընթաց», - ասաց Աշոտյանը: