Երգիչ Ռուբեն Հախվերդյանն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունենալիս «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի» ասելով նկատի է ունեցել այն, թե Խորհրդային միության ժամանակ ինչ կարգավիճակ է ունեցել Արցախը:

«Ես ասում եմ՝ Սովետի ժամանակ դա ինչ գավառ էր, ադրբեջանական գավառ չէ՞ր: Ներկայումս ոչ հայկական է, ոչ էլ ադրբեջանական: Իսկ իմ ասածն էն ա, որ նրանք Կևորկովի մոտ աշխատելով, այդ հետամնաց գավառում, հետամնաց մարդիկ են և չենք ուզում, որ նրանք կառավարեն մեզ: Նրանք կայացել ու դաստիարակվել են Ադրբեջանական գավառում և չէր կարելի նրանց պաշտոններ տալ, որովհետև նրանք աշխատել են Կևորկովի մոտ, որը հայատյաց էր»,-ասաց նա:

Ըստ Ռուբեն Հախվերդյանի՝ Կևորկովի (լրիվ անունը՝ Բորիս Կևորկով, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Կոմունիստական կուսակցության մարզային կոմիտեի առաջին քարտուղար – Tert.am) այդ հայատյացությունն իր ազդեցությունն է թողել ներկայումս երկիրը ղեկավարողների վրա: «Գռփելու ու սովետական ամենագարշելի բաները վերցրել են էնտեղից: Նրանք մի օրվա մեջ ո՞նց են փոխվելու, դրա համար ասեցի «Ռանչպարների կանչ» չեն կարդացել, հայրենասիրությունը իրենց համար խորթ է, ինչ՞ համար իրենք պետք է մեզ ղեկավարեն»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում հավաքվածների առջև ելույթ ունենալով, մասնավորապես, ասել է. «Ես չեմ կարծում, որ ինքը (նկատի ունի Սերժ Սարգսյանին) «Ես ամբիոնից տենց բարձր բաներից չեմ խոսում: Գիտեք ինձ, ճանաչում եք, ես էլի նույն բանն եմ ասելու: Միշտ ասել եմ ու կասեմ: Էս 20 տարի ա ասել եմ ու կասեմ. համակարգ թող սարքեն էս մարդիկ: Բայց կրկնում եմ, Սերժ Սարգսյանն էղել ա կոմսոմոլի քարտուղար: Կևորկովի օրոք, էն ժամանակ Ադրբեջանին էր պատկանում Լեռնային Ղարաբաղը: Եթե ինքը պաշտոնի բարձրանալու գնար, ուր պիտի գնար, պիտի տանեին Բաքու ինքն էլ ուրախությամբ կգնար: Ուզում եմ ասել, որ մի նախագահը, որ… Ես չեմ կարծում, որ ինքը «Ռանչպարների կանչը» կարդացել ա: «Ռանչպարների կանչը Սուրբ գրքի հավասար գիրք ա մեզ համար: Եվ կարծում եմ, որ էդ իրա կոմսոմոլի մտածողությամբ, էդ իրա դերաբաշխումներով, նախարարներին ճանաչում եք, կրթության, մշակույթի և այլն… ինքը իրան շրջապատել ա իրեն քծնողներով, պրոֆեսիոնալներով չի շրջապատել: Մենք տենց տեղ ոչ թե չենք հասնի, մենք, ոնց որ ասաց «այ Վազգեն Մանուկյան, արի մի ասա, դու ասեցիր գնացքից թռնելու ժամանակն ա: Գնացքից թռանք, տեսանք ուր ընկանք: Ընկանք թրիքի մեջ: Ի՞նչ ա նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք ղեկավարի, նորմա՞լ ա էդ»:

Նշենք նաև, որ Ռուբեն Հախվերդյանի ելույթը ակտիվորեն քննարկվում է Facebook-ում և օգտատերերը հիմնականում իրենց զայրույթն են արտահայտում, որ Արցախի նկատմամբ կիրառվել է «հեռավոր ադրբեջանական գավառ» արտահայտությունը: Քննադատողների մեծ մասի դիտարկմամբ՝ եթե Ռուբեն Հախվերդյանից կարելի էր սպասել նման անակնկալ, ապա ինչո՞ւ նրա այդ արտահայտությանը որևէ կերպ չարձագանքեցին ամբիոնում գտնվողները:

Նշենք, որ այդ պահին ամբիոնում գտնվում էին Րաֆֆի Հովհաննիսյանը և Արմեն Մարտիրոսյանը, ովքեր հենց արտահայտությունը անելու պահին զրույցի բռնվեցին իրար հետ: