Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կիրառված հատուկ սարքավորումները լիարժեք ծառայել են իրենց նպատակին: Այս մասին նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում: Տեղամասային կենտրոններում օգտագործվող 4000 սարքավորումներից միայն մեկ տոկոսն է ինչ-ինչ խնդիրներ առաջացրել, և ԿԸՀ նախագահը վստահ է, որ սարքերը լիարժեք ծառայել են իրենց նպա տակին:

«Ընտրական օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը բազմաթիվ ահազանգեր է ստացել: Հետևում էինք տարբեր լրատվական կայքերում խախտումների վերաբերյալ տեղադրված տեղեկություններին և փորձում արագ միջոցներ ձեռնարկել հանգամանքները պարզելու, խախտումները կանխելու և դրանք բացառելու համար»,-նշել է Մուկուչյանը:

Խոսելով ընտրությունների տվյալների մասին' ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ներկայացված տվյալները նախնական են: «Դրանք ստացվել են էլեկտրոնային եղանակով. տեղամասային ընտրական հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են տարածքային հանձնաժողովներ, մուտք են արվում համակարգիչներ և ստանում պատկերը: Հետո կստանանք թղթային արձանագրությունները»,- նշել է նա:

Անդրադառնալով տարածքային թեկնածուների վերաբերյալ քվեարկության նախնական արդյունքներին' նա ընդգծել է, որ դրանք ևս ամփոփված են արձանագրության մեջ և օրենքի պահանջներին համապատասխան իրենք պետք է ուղիղ եթերում այն հայտնեն: Մուկուչյանը շեշտել է, որ տարածքային ընտրական 38 հանձնաժողովներում քվեարկության ողջ օրվա ընթացքում աշխատել են արագ արձագանքման խմբեր և ցանկացած խախտման դեպքում փորձել են օպերատիվ լինել, արագ բարձրաձայնել խնդիրը և լուծել այն:

Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցնում քաղաքական 4 ուժեր. առաջատարը ՀՀԿ-ն է՝ 49.12 տոկոսով, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, համապատասխանաբար, 27.32 և 7.77 տոկոսով և ՀՅԴ-ն՝ 6.57 տոկոսով: