Այսօր՝ ապրիլի 3-ին, «Ծառուկյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են: Մեկ ամիս շարունակ մենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեզ ենք ներկայացրել մեր ծրագիրը, մեր անելիքներն ու առաջնահերթությունները:

Առավելագույնս անկեղծ ենք եղել մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ թե մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերհանման և թե դրանց լուծման ճանապարհների նախանշման առումով:

Այսօր մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան՝ մեր երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար:

Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ:

Մենք քաջ գիտակցում ենք մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար:

Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ և անմիջական շփումները ժողովրդի հետ և երբևէ մեր ժողովրդին չենք բաժանելու մեզ ձայն տվածների և չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է: Աստված պահապան մեզ բոլորիս:

«Ծառուկյան» դաշինք»: