2017-ի խորհրդարանական ընտրությունները մի կարևոր առանձնահատկությամբ աչքի ընկան. դրանք մաքսիմալ կերպով ապագաղափարայնացված էին: Ապացույցը, թերևս, այն ռեյտինգայինների հաղթանակն էր, որոնք հասարակության շրջանում սովորաբար ոչ այնքան հաճելի երևույթների հետ են ասոցացվում ու իրենց իսկ գոյությամբ ու գործունեությամբ՝ մարմնավորում են այն բոլոր արատները, որոնք ներկայում բնորոշ են Հայաստանին: Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բայց փաստ է, որ հաջողությունը ավելի շատ հենց նմանների կողմն էր այս ընտրություններում: Ընտրություններն այս, եթե կուզեք, յուրատեսակ մենամարտ էր գաղափարի ու փողի միջև, ուր ջախջախիչ հաղթանակ տարավ փողը, ռեսուրսը:


Ասվածի լավագույն դրսևորումներից մեկը պետք է համարել, ասենք, նույն Սամվել Ալեքսանյանի շռնդալից հաղթանակը և դրա ֆոնին՝ ՀԱԿ-ՀԺԿ-ի՝ նույնքան շռնդալից պարտությունը: Ալեքսանյանի հաղթանակի դեպքում ամեն բան պարզ է. մարդը փողի ու ձեռքի տակ եղած լծակների զոռով՝ կրկին անգամ ինքն իրեն պատգամավոր կարգեց՝ հավաքելով մոտ 42000 ձայն: Իսկ ահա նույն ՀԱԿ-ՀԺԿ-ի՝ նույնն է թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում ականատես դարձանք գաղափարական պարտության. այս քաղաքական ուժը ստացել էր 26000 ձայնից մի փոքր պակաս՝ հանգամանք, որը չի կարող հարցեր չառաջացնել:


Ասել, թե այս երկուսը՝ Ալեքսանայանն ու Տեր-Պետրոսյանն, անհամեմատելի են, կնշանակի ասել ոչինչ. չմոռանանք, որ Տեր-Պետրոսյանն այն գործիչն է, որի հետ միառժամանակ առաջ միևնույն սեղանի շուրջ հայտնվելու մասին երազում էին շատերը, ով հայ ժամանակակից քաղաքագիտական մտքի գլխավոր տիտաններից մեկն է, եթե ոչ գլխավորը, և ում՝ հայոց պատմության մեջ թողած հետքն ուղղակի անջնջելի է: Հակառակ այս ամենի՝ Ալեքսանյանի դեպքում ամեն բան շատ ավելի պարզ է ու, այսպես ասենք, հակագիտական. ամեն բան այս պարագայում բխում ու հանգում է փողից ու փողին, ինչը, ցավոք, ինչպես կյանքն է ցույց տալիս, ոչ միշտ է, որ բացառապես սեփական քրտինքով է ձեռք բերված լինում: Մի խոսքով՝ այս երկու անձինք նույնքան հակոտնյա են միմյանց, որքան, ասենք, ծովն ու ավազը:

 

Հարցերը, սակայն, որոնք առաջ են գալիս ընտրությունների արդյունքների հետ կապված, այս ամենից ամենևին էլ չեն բթանում: Այսպիսով՝ գլխավոր հարցը, որ հնչում է, հետևյալն է՝ ո՞րն էր Տեր-Պետրոսյանի պարտության պատճառը:

 

Գլխավոր պատճառն, անկասկած, մեկն է՝ այն գաղափարախոսությունը, որը ՀԱԿ-ՀԺԿ-ն փորձում էր առաջ մղել քարոզարշավի ողջ ընթացքում. արցախյան հարցում փողզիջումների անհրաժեշտության մասին բացահայտ քարոզը, այդ զիջումները սեփական քաղաքական ծրագրի անկյունաքարի վերածելու հանգամանքն ու այդ հարցում հասարակության անզիջում դիրքորոշումը դարձան այն գլխավոր պատճառները, որոնք բերեցին ՀԱԿ-ՀԺԿ-ի տապալմանը: Իսկ այս ամենը նշանակում է, որ ոչ թե հասարակությունն է դարձել գաղափարների նկատմամբ անտարբեր ու բացառապես փողն է արժևորում, այլ չի ողջունում այնպիսի գաղափարներ, որոնք իր տեսանկյունից՝ պարտվողական են, ստորացուցիչ ու չեն համապատասխանում երկրի շահերին. խնդիրը ոչ թե հասարակության ապագաղափարայնացվածության մեջ է, այլ՝ առաջ քաշված գաղափարների անմրցունակության: Պետք է անկեղծ լինենք՝ այսօր հասարակությունը պատրաստ չէ արցախյան հարցում գնալու որևիցե զիջումների, ու ցանկացած նմանատիպ փորձ կամ նույնիսկ դրա մասին խոսակցություն՝ մարդկանց մեծամասնությունն առավելապես ընկալում է որպես ոչ թե փոխզիջում կամ օբյեկտիվ հանգամանքներից բխող երևույթ, այլ՝ հայրենադավություն:

 

Ասում են՝ շուտով ստեղծվելու է մի առանձին հանձնաժողով, մարմին, որի գործառույթների մեջ է մտնելու հասարակության հետ համապատասխան աշխատանքներ վարելը՝ արցախյան հարցում հայկական կողմից սպասվող զիջումներն ընկալելի դարձնելու համար՝ հողերի հանձնման մի յուրատեսակ հանձնաժողով, որի ղեկավարն էլ, ի դեպ, լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը, յուրատեսակ ջերմաստիճանի ստուգում անցկացնելով հասարակության շրջանում, փորձում էր նաև մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ծավալի աշխատանքներ են իրեն ու ապագայում իր կողմից գլխավորելիք հանձնաժողովին սպասվում. պարզվեց՝ առավել քան հսկայական...

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ